Ադրբեջանը հող է նախապատրաստում ագրեսիայի, հնարավոր է, նույնիսկ ոչ թե տեղային բնույթի, այլ լայնամասշտաբ պատերազմի համար. 2

Խնդիրն Արևմուտքի կողմից Ռուսաստանի համար երկրորդ ճակատի բացումն է

 

Սկիզբը` այստեղ

«ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածն այսօր հանդես եկավ Ադրբեջանի պաշտպանության նախարարության նոր ապատեղեկատվության վերաբերյալ հաղորդագրությամբ, որն արդեն 3-րդն է վերջին երեք օրվա ընթացքում և լրացուցիչ հիմք է տալիս ենթադրելու կամ եզրակացնելու, որ թշնամին այդպիսի ապատեղեկատվությունների հրապարակմամբ հող է նախապատրաստում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, հնարավոր է, նույնիսկ լայնամասշտաբ պատերազմի համար:

Եթե Ադրբեջանի ՊՆ նախորդ երկու ապատեղեկատվությունները վերաբերվում էին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից ապրիլի 30-ին ու մայիսի 1-ին իբր բացված կրակին, ապա այս վերջինը` մայիսի 2-ին իբր բացված կրակին: ՀՀ ՊՆ կոչվածի այսօրվա` մայիսի 3-ի հաղորդագրության  մեջ նշված է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 2-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։

Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»։

Ի դեպ, դեռ երեկ հրապարակված այս հոդվածի 1-ին մասում գրել էինք` «Բնավ չզարմանաք, եթե ՊՆ կոչվածը վաղը, մյուս օրը կամ առաջիկա օրերին դարձյալ հանդես գա նույնաբովանդակ հաղորդագրությամբ կամ հաղորդագրություններով», և հավելել. «Ճիշտ նույն իրավիճակն է եղել նաև Քառասունչորսօրյա պատերազմից առաջ…»:

Արդեն իսկ պարզ է, որ ՀՀ ՊՆ կոչվածի այսօրվա, ինչպես նաև դրան նախորդած` մայիսի 1-ի և 2-ի հաղորդագրությունները բավարար չեն, հետևաբար Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, արտգործնախարարը կամ արտգործնախարարությունը պետք է հանդես գան համապատասխան քաղաքական հայտարարությամբ, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից վերջին 3 օրվա ընթացքում մեկը մյուսից հետո կեղծ տեղեկությունների հետևողական հրապարակումը` Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ, ոչ թե սոսկ նպատակ ունեն մոլորեցնելու միջազգային հանրությանը և տպավորություն ստեղծել, թե Հայաստանն է փորձում սահմանում իրավիճակը լարել, այլ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար քաղաքական հող նախապատրաստելու նպատակն ունեն:

Շատերն են հարցնում, թե Ադրբեջանն ինչպե՞ս կարող է հարձակվել Հայաստանի վրա` քաջ իմանալով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բացի այդ, Ռուսաստանի հետ ունի ռազմական փոխօգնության պայմանագիր: Եթե Ադրբեջանը, ի վերջո, գնա այդ քայլին, ապա նրա ու նրա ետևում կանգնած Արևմուտքի, միգուցե նաև Թուրքիայի հաշվարկը, անշուշտ, պետք է հիմնված լինի Ադրբեջանի և Ռուսաստանի միջև պատերազմում Թուրքիայի շատ արագ ներգրավման վրա:

Փաստերը վկայում են, որ Թուրքիան և, հատկապես, Ադրբեջանն արդեն սկսել են Ռուսաստանի հետ, ինչպես ասում են, բաց խաղաքարտերով խաղալ ու չթաքցնել նրա նկատմամբ իրենց թշնամական դիրքորոշումը, վերջ տալ բարեկամություն խաղալու իրենց քաղաքականությանը, որի կեղծավոր բնույթը Ռուսաստանին միշտ էլ հայտնի է եղել, սակայն Ռուսաստանն էլ հարկադրված է եղել խաղալ` խուսափելու համար ժամանակից շուտ ռազմական առճակատումից, քանի դեռ լուծված չէ Ուկրաինայի խնդիրը:

Կարծում ենք, հասկանալի է, որ Ադրբեջան- Թուրքիա տանդեմի հետ Ռուսաստանի վաղաժամ պատերազմը խանգարելու էր և այսօր էլ խանգարելու է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը: Նշված պատերազմը, մեղմ ասած, խիստ անցանկալի ու վտանգավոր սցենար է Ռուսաստանի համար, քանի դեռ Ուկրաինայում մեր դաշնակցի հատուկ ռազմական գործողությունն ավարտված չէ, Ուկրաինայի խնդիրը հանգուցալուծված չէ: Բայց ԱՄՆ-ը, Արևմուտքը Ռուսաստանի համար այստեղ երկրորդ ճակատ բացելու ու նրան ծնկի բերելու նպատակով, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանին, Թուրքիային մղում են մեր միջոցով սկսել այդ պատերազմը, միգուցե հարկադրում են գնալ արկածախնդրության` գնալու դեպքում մեծամեծ խոստումների, չգնալու դեպքում լուրջ սպառնալիքների լայն զինանոցի կիրառմամբ:

Ի դեպ, կասկածից դուրս է, որ եթե թուրք- ադրբեջանական տանդեմի դեմ Ռուսաստանի պատերազմը սկսվեր մինչ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունը, ապա ԱՄՆ-ի, Արևմուտքի դրդմամբ կամ առանց դրա, Ուկրաինան ինքն էր Դոնբասի վրա հարձակմամբ անմիջապես երկրորդ ճակատը բացելու Ռուսաստանի համար:

Հիմա անդրադառնանք այն փաստերին, որոնց մասին վերը նշեցինք:

Ադրբեջանական «The Azeri Times» պարբերականն օրերս տեղեկացրել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռների համար Թուրքիայից հետո իր օդային տարածքը փակել է նաև Ադրբեջանը` Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական բեռների փոխադրումը խափանելու նպատակով: Ավելի վաղ, ինչպես հայտնի է, Թուրքիան փակել էր իր երկինքը դեպի Սիրիա թռչող ՌԴ ռազմական ինքնաթիռների համար:

Հիշյալ պարբերականի տեղեկացմամբ, ՌԴ ռազմատրանսպորտային ինքնաթիռներն այժմ Դոնի Ռոստովի օդանավակայանից Հայաստան և Հայաստանից Ռուսաստան ստիպված են թռչել Կասպից ծովի և Իրանի վրայով: Բաքուն հավանաբար որոշել է արդեն վա բանկ գնալ ու չի մտածում իր այդ և ոչ միայն այդ քայլի հետևանքների մասին:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան