Մեկնարկում է մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարության փուլը

Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանը կառուցելու համար հայտարարված մրցույթում կա հաղթող: Աապրիլի 28-ի Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վաղուց քննարկվում է Երևանում Աջափնյակ կայարան կառուցելու հարցը և հնարավորությունը:

«Մենք սկսել ենք գործնական փուլը: Հայտարարվել էր մրցույթ՝ կայարանի նախագծման վերաբերյալ: Մրցույթի արդյունքներով կա հաղթող ու այսօր կքննարկեն ֆինանսավորման հարցը, որպեսզի նախագծողը արդեն կոնկրետ Աջափնյակ կայարանի նախագիծը պատրաստի, ինչը նշանակում է՝ մտնում ենք շինարարության փուլ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` «Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց, որ նախագիծը կիրականացվի 510 օրում, կամ՝ գուցե ավելի շուտ, 50 միլիոն դոլարի շրջանակներում:

«Երեք փուլով է նախագիծը լինելու: Այս ֆինանսական միջոցների հաշվին կկարողանանք առաջին երկու փուլը ֆինանսավորել: Միաժամանակ, կխնդրեի ձեր հանձնարարականը, որպեսզի կարողանանք հիմիկվանից սկսած աշխատել նախագծի երրորդ փուլի համար ֆինանսական միջոցների հայթայթման մասով»,- ասաց Սարգսյանը:

Փաշինյանը նշեց, թե այս ծրագիրը ռազմավարական ծրագիր է, որովհետև սա նշանակում է, որ մետրոն անցում է կատարում Հրազդան գետի հակառակ ափ, ինչը նշանակում է, որ հետագա ճյուղավորման հնարավորություն է ստեղծվում դեպի Դավթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, 15-րդ թաղամաս և այլն: