«Ոչ այլասերմանը»․ Հանրապետության հրապարակում քաղաքացիները հակագազերով դուրս են եկել ակցիայի․ կան բերման ենթարկվածնենր

Այսօր՝ ապրիլի 27-ին, Հանրապետության հրապարակում քաղաքացիները հակագազերով ակցիա են անում։

«Մենք պատրաստվում ենք երկիրը մաքրել այլասերումից. պատրաստվում ենք ախտահանել կառավարության շենքը, և մեր պացիենտին վերադարձնենք բնակության վայր»,- ակցիայի ժամանակ հայտարարեց «Կամք» նախաձեռնության համահիմնադիր Վահագն Չախալյանը։

Ակցիայի մասնակիցները հագել են հակագազեր, բժշկական խալաթներ, ձեռքներին ունեն ախտահանման համար նախատեսված գործիքներ։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն «Ոչ այլասերմանը», «Նիկոլ հեռացիր» գրություններով պաստառներ։

«Նախաձեռնության համահիմնադիրներից Արա Զոհրաբյանը հայտարարեց՝ իշխանություններն ամեն ինչ արել են, որ այլասերվածությունը տեղ գտնի մեր երկրում. «Հիշում եք Ստամբուլյան կոնվենցիա, Լանզարոտեի կոնվենցիա։ Մենք պետք է ազատվենք այլասերությունից։ Այսօրվա ակցիան այդ նպատակն ունի»,-ասաց Զոհրաբյանը։

Քիչ անց ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, էլի մի քանիսին,  մյուսներին հրելով հեռացրին կառավարության շենքից: