ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ՄԻՊ զեկույցը Ադրբեջանի կողմից արցախցիների իրավունքների խախտումների մասին

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «2022 թվական փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքների խախտումների մասին» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Զեկույցում նշված էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին  հայտարարությունից և  լայնածավալ ռազմական գործողությունների դադարեցումից հետո  գրեթե մեկուկես տարվա ընթացքում ադրբեջանական կողմը տարբեր միջոցներով ոտնձգություններ է իրականացրել Արցախի ժողովրդի իրավունքների՝ այդ թվում կյանքի և առողջության պահպանման իրավունքի, ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիության նկատմամբ։ Այդ գործողությունները առավել ագրեսիվ բնույթ են ստացել 2022 թվականի փետրվար- մարտ ամիսներին, որոնց վերաբերյալ մանրամասները ներկայացված են սույն զեկույցի առաջին բաժնում։

2022 թվականի մարտի 8-ի՝ ժամը 01:00-ից ամբողջությամբ խափանվել է Հայաստանի Հանրապետությունից Արցախ եկող միակ գազատարի աշխատանքը, որի հետևանքով Արցախի ամբողջ բնակչությունը զրկվել է գազամատակարարումից։ Տարբեր աղբյուրներից ձեռք բերված փաստերը վկայում են, որ գազատարը դիտավորյալ պայթեցվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Արցախում գազամատակարարման խափանման և դրա հետևանքով հումանիտար դժվարագույն իրավիճակ ստեղծելու ադրբեջանական ուղիղ դիտավորության մասին է խոսում նաև այն փաստը, որ ադրբեջանական կողմը մեկ շաբաթից ավելի է, չի թույլատրում տեղական գազամատակարարող կազմակերպության մասնագետների հասանելիությունը գազատարի վնասված հատված՝ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։