Հացադուլ հայտարարած երիտասարդները նաև ստորագրահավաք են սկսել

44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանն արդեն 5-րդ օրն է՝ հացադուլ են անում Ազատության հրապարակում։ Նրանց նպատակն է անկախության  սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ գործնական քայլերի կատարման ուղղորդումը։

Լրագրողների հետ զրույցում Նվերն ասաց, որ ինքնազգացողությունը լավ է. «Առավոտներն ավելի լավ ենք լինում, էներգիա ունենում ենք, սակայն երեկոյան, եթե նույնիսկ հաց կերած էլ լինեինք, նույն ձև սպառված կլինեինք, քանի որ էներգիա տանում է, բայց նաև հասկանում ենք, որ հենց  այդ էներգիայի կարիք ունեն այն մարդիկ, ովքեր գալիս են այստեղ, այդ մարդկանց աչքերում հույս ենք տեսնում»։

Նրա խոսքով՝ հացադուլը կավարտվի այն ժամանակ, երբ ինքն իր խնդիրը լուծի, իսկ խնդիրը հանրային մոբիլիզացիան է:

Երեկվանից երիտասարդները նաև ստորագրահավաք են սկսել, արդեն շուրջ 1000 մարդ թողել է իր ստորագրությունը։

«Բոլոր այն մարդիկ, ովքեր ստորագրում են, իրենք փաստում են իրենց անուն- ազգանունով, ստորագրությամբ, որ մեր առաջարկած գաղափարներն ամբողջությամբ կիսում են»,- ասաց Նվեր Կիրակոսյանը։