ՀՅԴ-ական երիտասարդները Ֆրանսիայի հրապարակում Արցախի նոր դրոշ են դրել

Այսօր մի խումբ անձինք, ովքեր մամուլում տարածված որոշ տեղեկությունների համաձայն «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչներ են, Ֆրանսիայի հրապարակում պղծել են Արցախի Հանրապետության պետական դրոշը` ներկելով դրոշի սպիտակ հատվածը։

Դրոշը Ֆրանսիայի հրապարակում բարձրացվել էր ապրիլի 5-ին՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ։ Դեպքից մի քանի ժամ անց մի խումբ երիտասարդների և ՀՅԴ անդամների կողմից դրոշը կրկին վերականգվել և բարձրացվել է Ֆրանսիայի հրապարակում։

«Սասնա ծռերը» այս առնչությամբ պարզաբանում են տարածել, նշելով․ «Որոշ քաղաքական ուժեր իրենց միջոցառման ավարտին Օպերայում՝ Ֆրանսիայի հրապարակում, բարձրացրել էին Արցախը Մայր հայրենիքից բաժանող, զատող դրոշ և համարել այն ակցիա՝ ի պաշտպանություն Արցախի: Այսօր՝ վաղ առավոտյան, մեր հայրենակիցները պատասխան ակցիա են իրականացրել՝ «Արցախը Հայաստան է. Մեկ պետություն՝ Մեկ դրոշ» խորագրով և ներկել են դրոշը՝ հեռացնելով Արցախը Մայր Հայրենիքից բաժանող սպիտակ հատվածը»։

Ընդդիմադիրներն այն համարել էլ դրոշի պղծում։

Ավելի ուշ ՀՅԴ-ական երիտասարդները Ֆրանսիայի հրապարակում Արցախի նոր դրոշ են դրել։ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է․ «Արցախի Հանրապետության դրոշը վերականգնվեց… միաժամանակ նորը ծածանվեց նաև Վանաձորի Արցախ պուրակում…»։

ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ Վանաձորի Արցախ պուրակում ևս նոր դրոշ են բարձրացրել»։

«Արցախի պետական դրոշի դեմ պայքարում է Ադրբեջանը, Արցախի պետական դրոշի դեմ պայքարում է Թուրքիան։ Միայն այսքանը կարող եմ ասել, մեր հայրենակիցները սրանից արդեն ինքնին հետևություն պետք է անեն»,- նշեց նա։
Գ. Մանուկյանը հիշեցրեց, որ այս դրոշի ներքո հազարավոր արցախցիներ պատերազմել են առաջին պատերազմից սկսյալ, վերջին՝ 44-օրյա պատերազմում արցախցի շուրջ 1000 նահատակ հայրենի հողին են հանձնվել իրենց դագաղի վրա կրելով Արցախի դրոշը։

«Ուղղակի թրքություն ասեմ, ինչ ասեմ, այն արարքը, որ կատարվել է»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Ըստ նրա, նույն ձեռագիրն է նաև Արտաշատում, որտեղից հեռացվել էր դրոշը։

«Ձեռագիրը նույնն է։ Իշխանության կոկորդում է մնալ Արցախի դրոշն ու տեղադրումը, հիմա տարբեր կամակատարների միջոցով փորձում են թուրքական, ադրբեջանական պատվերը կատարել»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները խոսել են Արցախի գլխավոր դատախազի հետ, սա Արցախի Հանրապետության պետական սիմվոլի նկատմամբ ոտնձգություն է։

Նշենք, որ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 352 հոդվածը սահմանում է․

  1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։