Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները փակել են Երևան-Սևան մայրուղին. Գնել Սանոսյանի հետ հանդիպում են պահանջում․ NEWS.am

Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները երկկողմանի փակել են Երևան-Սևան մայրուղին և հանդիպում են պահանջում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։

NEWS.am-ի հետ զրույցում բնակիչներից մեկն ասաց, որ ակցիան խաղաղ է։ Տեղում նաև ոստիկաններ կան։

«Պահանջում ենք, որ նախարարը գա և մեր խնդրին լուծում տա։ Մենք ընտրություններով դեմ էինք արտահայտվել խոշորացմանը և սպասում էինք, որ մեզ կարձագանքեն, մեր խնդրին լուծում կտան, բայց ինչպես տեսանք՝ չլուծվեց։ Հիմա բնակիչները որոշել են ճանապարհը փակել, որպեսզի հարցը լուծվի»,- ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ այս երկու գյուղերի բնակիչները դեմ էին խոշորացմանը և դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած Սևան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին չէին մասնակցել։

Բնակիչները սպասում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության որոշմանը, որով պարզ կդառնա իրենց համայնքների ճակատագիրը։ Ավելի վաղ նախարարությունից NEWS.am-ի հետ զրույցում նշել են, որ այս համայնքների համար  որևէ այլընտրանքային լուծում չի քննարկվում։

«Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերը իրավաբանորեն համարվում են խոշորացված համայնքներ՝ Սևան համայնքի կազմում, որևէ այլընտրանքային լուծում այդ համայնքների մասով առհասարակ չի քննարկվում»,- ասել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։