ՌԴ-ը պատժամիջոցներ է սահմանել ոչ թե Բայդենի, այլ նրա հանգուցյալ հոր դեմ. Սպիտակ տան խոսնակ

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին, մեկնաբանելով ՌԴ-ի նոր պատժամիջոցներն ընդդեմ ԱՄՆ նախագահի, հումորով նշել է, որ իրականում դրանց թիրախում հայտնվել է գործող նախագահի հանգուցյալ հայրը:

Ինչպես գրում է businessinsider.com-ը, խոսնակը մանրամասնել է, որ գործող նախագահն իրականում Ջո Բայդեն Կրտսեր է, իսկ Ջո Բայդենը նրա հանգուցյալ հայրն է:

Նախօրեին ՌԴ ԱԳՆ-ը պատժամիջոցներ է սահմանել մի խումբ ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ Փսակիի, պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դեմ: Մինչդեռ ՌԴ ԱԳՆ պաշտոնական փաստաթղթում ԱՄՆ նախագահի անվան մեջ բացակայում է «կրտսեր» բառը:

«Նշեմ, որ նախագահ Բայդենը կրտսերն է, ուստի նրանք պատժամիջոցներ են սահմանել նրա հոր նկատմամբ: Թող հոգին լուսավորվի»,-ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Փսակին: