Ուզում ենք՝ մեզ բացատրեն, թե ով ենք մենք. 35 000 փախստականներ ապրում են սոսկալի պայմաններում. արցախցի

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված արցախցիները կարգավիճակի հստակեցում են պահանջում։ Նրանք այսօր դարձյալ դուրս էին եկել ակցիայի։ Նրանք ԱԳՆ շենքի մոտ հանդիպում և կարգավիճակի մասին հարցերին պատասխաններ էին պահանջել, սակայն հանդիպումը չկայացավ, իսկ ԱԳՆ շենքի առջև պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին «դիմավորեցին» ոստիկանական պատնեշով։

«Ո՞վ ենք մենք, ուզում ենք՝ մեզ բացատրեն, թե ով ենք մենք»,- ԱԳՆ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Լևոն Հայրիյանը՝ հավելելով, որ ԱԳՆ-ին ուղղված գրավոր հարցմանը էլեկտրոնային եղանակով պատասխան են ստացել, թե իրենց հարցերով զբաղվում է Միգրացիայի վարչությունը, որտեղից ասել են՝ իրենց հարցերով պետք է զբաղվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որտեղից էլ ասել են՝ իրենք քաղաքական հարցերով չեն կարող զբաղվել։

Նրա խոսքով՝ 35.000 փախստական այսօր ապրում է սոսկալի պայմաններում՝ ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ-ում։