Շոյգուն և Լավրովը կողմ են հանդես եկել ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) ճանաչման անհրաժեշտության մասին։ Այդ մասին նա հայտարարել է Անվտանգության խորհրդի նիստին, որն անցկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այս իրավիճակում մեզ այլընտրանք չեն թողել: Այնպես որ, ես միանշանակ ասում եմ «այո»։ Այո, պետք է ճանաչել»,- ասել է Շոյգուն։

Իր հերթին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման մասին, ասել է, որ այլ ճանապարհ չի տեսնում, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես այլ ճանապարհ չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է Արեւմուտքին խելքի գալու համար 2-3 օր տալու առաջարկին, ապա դա, իհարկե, ճաշակի հարց է, բայց,այն, իհարկե, չի փոխի իր դիրքորոշումը»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԽ նիստին:

Ռուսաստանը չի կարող անտարբեր նայել Ուկրաինայում իր հայրենակիցների նկատմամբ ծաղրանքին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Պետդուման փետրվարի 15-ի նիստին ձայների մեծամասնությամբ բանաձեւ ընդունեց, ըստ որի Կոմունիստական ​​կուսակցության խմբակցության առաջարկած պալատի՝ Պուտինին ուղղված դիմումի նախագիծը Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման վերաբերյալ անմիջապես կներկայացվի պետության ղեկավարին։

Դիմումի նախագիծը հունվարի 19-ին Պետդումա էր ներկայացվել Կոմունիստական ​​կուսակցության խմբակցության կողմից։ Փաստաթղթի համաձայն՝ Պետդուման դիմում է պետության ղեկավարին՝ խնդրանքով դիտարկել հռչակված հանրապետությունները «որպես ինքնուրույն, ինքնիշխան եւ անկախ պետություններ» ճանաչելու հարցը։ Տեքստում ասվում է, որ պատգամավորները ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչումը «հիմնավոր եւ բարոյապես արդարացված են համարում»: «Անցած տարիներին համաժողովրդական կամարտահայտման հիման վրա հանրապետություններում ժողովրդավարական մարմիններ եւ լեգիտիմ իշխանության բոլոր ատրիբուտներով պետություններ են կառուցվել»,- ասվում է տեքստում։