Պուտինն ու Ալիևը կստորագրեն դաշնակցային գործակցության հռչակագիր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 22-ին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման հարցը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին» վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Փետրվարի 22-ին բանակցություններ տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև, որը պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում: Նախատեսվում է քննարկել քաղաքական, առևտրատնտեսական և մարդասիրական ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված հարցերի ողջ համալիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կքննարկվի նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային Կովկասում: «Բանակցությունների ավարտին կստորագրվի Դաշնակցային գործակցության հռչակագիր, որը Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները դուրս կբերի դաշնակցային մակարդակի»,- ասվում է հաղորդագրության մեջ: