Ռեկտորները համագործակցության վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը և Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համալսարանի ռեկտոր Եվհենիյ Իմասը Կիևում ստորագրել են կրթության, գիտության և հետազոտական ոլորտներում համագործակցության վերաբերյալ հուշագիր։

Ստորագրման արարողությանը ներկա էին Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի տեղակալ Արթուր Սելեցկին և Երիտասարդության և սպորտի նախարարի տեղակալ Լյուդմիլա Պանչենկոն, ինչպես նաև Ուկրաինայում ՀՀ դեսպանատան 3–րդ քարտուղար Հայկ Թորոսյանը։

Ռեկտոր Ե. Իմասը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված բարդ իրավիճակում այցը չհետաձգելու և Ուկրաինա ժամանելու համար:

Բուհի պատվիրակության անդամները նախօրեին հանդիպել էին նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ և քննարկել ուկրաինահայ համայնքի ներկայացուցիչների ուսումը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի տարբեր կրթական ծրագրերով, այդ թվում՝ պետպատվերի շրջանակում։