Կոպտորեն խախտվում է Բորիս Բախշիյանի կրթության իրավունքը․ փաստաբան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ՝ նշելով, որ կոպիտ կերպով խախտվում է դատավորի կրթության իրավունքը։

Փաստաբանի դիմումում նշվում է, որ Բորիս Բախշիյանը, մինչև կալանավորվելը, որպես հատուկ դիմորդ՝ ընդունելության համար դիմել էր ՀՀ փաստաբանական դպրոց, անցել էր համապատասխան փուլերով ու 2022 թվականի փետրվարի 17-ին պետք է մասնակցեր ընդունելության բանավոր քննության փուլին։

Համաձայնություն ստանալու համար Երեմ Սարգսյանը դիմել է քրեական վարույթն իրականացնող մարմնին, սակայն վերջինս չի թույլատրել, որպեսզի դատավոր Բորիս Բախշիյանն իրացնի կրթության իր իրավունքը։

«Ակնկալում եմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ակտիվ միջամտությունը դատավոր Բորիս Բախշիյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կրթական իրավունքի իրացումն  անխոչընդոտ ապահովելու հարցում»,-նշված է փաստաբանի դիմումում։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում է  կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Նա մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Հունվարի 31-ին ԲԴԽ-ն միաձայն որոշել էր բավարարել Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին միջնորդությունները։