Իվանյանում շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

«Այս պահին համայնքում 15 բազմաբնակարան շենքեր և 21 առանձնատներ են կառուցվում։ Շենքերի տանիքներն արդեն տեղադրվում են, իսկ առանձնատներում ընթանում են պատերի շարման աշխատանքներ: Շինարարական ողջ գործընթացը ԱՀ պետական միջոցներով է կատարվում: 5 առանձնատուն էլ կառուցվում է մասնավորի կողմից»,- «Արցախպրես»-ին տեղեկացրել է Իվանյան համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանը:

Նրա խոսքով` համայնքի բնակիչներն ապրում են բնականոն կյանքով. մեծ մասն աշխատում է տարբեր մասնավոր և պետական հիմնարկներում` զուգահեռ զբաղվելով նաև հողագործությամբ։ «Այստեղ առևտրի 14 օբյեկտ է գործում, տեղակայված են հանգստի գոտիներ, վարսավիրանոցներ, ավտոլվացման կետեր, զարգանում են ջերմոցային տնտեսությունները: Իվանյանում ժամանակավոր բնակություն է հաստատել պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված 53 ընտանիք` 180 բնակչով: Իսկ բարեկարգման աշխատանքներ կատարվել են նաեւ 2020 թվականին. Ասկերանի շրջվարչակազմի միջոցներով փոխվել և նորացվել են բազմաբնակարան 3 շենքերի և 10-ից ավելի առանձնատների տանիքները, դռներ և պատուհաններ։ Պետական միջոցներով կապիտալ վերանորոգվել են հրետակոծության պատճառով տուժած 2 բնակելի տներ»,- նշել է Ղահրամանյանը հավելելով` Իվանյանում անխափան գործում են համայնքապետարանը, բուժկետը, մշակույթի տունը, միջնակարգ դպրոցն ու մանկապարտեզը։