Այստեղ կա նաև տեխնիկական պատճառ․ Փաշինյանը՝ կենսաթոշակները չբարձրացնելու մասին

«Այստեղ պետք է ասել, որ կա նաև տեխնիկական պատճառ, կներեք էդ բառի համար, որովհետև մի բան է շահառուների 2000-հոգանոց խմբի թոշակ բարձրացնելը և ուրիշ բան է 500-600 հազար մարդուց բաղկացած խմբի թոշակ բարձրացնելը»,- կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով հասարակության շրջանում հնչող հարցին, թե ինչու դատավորների թոշակները բարձրացվում է, իսկ քաղաքացիների աշխատավարձը և սովորական թոշակառուներինը՝ ոչ:

Ըստ Փաշինյանի՝ պետք է հասկանալ, որ ծախսերի համախառը համադրությունն անհամեմատելի է և այդ կողմում 1000-5000 դրամ թոշակ բարձրացնելու համար տասնյակ միլիարդավոր դրամներ են պետք և՝ ամեն տարի:

«Մի անգամ այդ որոշումը կայացրիր՝ վերջ, դա գնաց տասնյակ տարիներով,100 միլիարդների պետական ծախսի մասին է խոսքը, ինչը, իհարկե, մեր պարտավորությունն է, որը մենք ստանձնել ենք և պետք է անենք»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, շահառուների ավելի փոքր խմբերի սոցիալական խնդիրները լուծելով՝ կառավարությունը նաև քայլ-քայլ, փուլային եղանակով ավելի ընդլայնված խնդիր է լուծելու: