Հայաստան վերադարձած ռազմագերիների նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, բոլորն ազատ են արձակվել. ՔԿ

Քննչական կոմիտեն երեկ՝ փետրվարի 8-ին, Հայաստան վերադարձած ռազմագերիների վերաբերյալ քրեական գործ չի հարուցել, բոլորն ազատության մեջ են։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Նա հայտնեց, որ ռազմագերիներից վեցը երեկ ազատ են արձակվել, իսկ երկուսը, որոնք ժամկետային զինծառայողներ են, տեղափոխել են ռազմական ոստիկանություն՝ հետագայում նրանց ծառայության հարցը լուծելու նպատակով։

Անդրադառնալով լարված մթնոլորտում հարցաքննությունն անցնելու լուրերին՝ Թադևոսյանն ասաց, որ հարցաքննությունը տևել է մոտ 7 ժամ, որի ընթացքում ռազմագերիների ծնողները հուզված են եղել.

«Շենքից դուրս է տեղի ունեցել լարվածությունը, ընդամենը մի փոքր բորբոքվել են ծնողները, հուզված են եղել։ Այն լուրերը, թե ծնողներն ապակիներ են կոտրել, կեղծ են։ Եթե պատրաստվել են կոտրել, դա դեռ չի նշանակում, որ կոտրել են։ Այդ լարվածությունը ոստիկանները հանդարտեցրել են»։