«Baykar» ընկերությունը ԱԹՍ–ների արտադրություն կհիմնի Ադրբեջանում

Թուրքական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող «Baykar» ընկերությունը նախատեսում է ԱԹՍ–ների արտադրություն հիմնել Ադրբեջանում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ձեռնարկության տեխնիկական տնօրեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը։

Ադրբեջանական ԱԹՍ–ները կթողարկվեն ոչ թե «Բայրաքթար», այլ «Աքինջի» անվանումով։

«Ադրբեջանի համապատասխան կառույցները հետաքրքրված են «Աքինջի» անօդաչու թռչող սարքով: «Baykar» ընկերությունը ցանկանում է աշխատել Ադրբեջանում այդ տեխնոլոգիայի զարգացման ուղղությամբ: Մենք նախաձեռնելու ենք ինչպես դրա մշակումը, այնպես էլ արտադրությունը Ադրբեջանում»,- ասել է Բայրաքթարը ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով` այդ աշխատանքում կներգրավվեն ոլորտի հետ կապված ադրբեջանցի մասնագետները։

Հիշեցնենք` «Baykar» ընկերության արտադրած «Bayraktar TB2» անօդաչու սարքերն Ադրբեջանն օգտագործում էր Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։

Թուրքիան դեռ պատերազմից առաջ տասնյակ նման սարքեր էր մատակարարել Ադրբեջանին։ Ռազմական գործողությունների ավարտից հետո արտադրողի հետ մի շարք պայմանագրեր կնքվեցին։