Դավիթ Արղամանյանը երկրորդ անգամ մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Դատավոր Դավիթ Արղամանյանը կրկին մերժել է  Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպանների միջնորդությունը՝ ինքնաբացարկի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ այսօր Բախշիյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանին ՝ հիմքում դնելով նրա քաղաքական հայացքները։

Բորիս Բախշիյանի պաշտպանները երեկ նույնպես միջնորդություն էին ներկայացրել Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու մասին՝ հիմքում դնելով մակագրման ընթացքում օրենքով սահմանված կարգի խախտման հանգամանքը։ Այդ միջնորդությունը նույնպես մերժվել էր։

Դավիթ Արղամանյանը քննելու է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի լիազորությունները կասեցված դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, ՀՀ ԲԴԽ-ին ներկայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ, որոնք ԲԴԽ-ի կողմից բավարարվել են։

Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, և  նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով  գրավի դիմաց ազատ էին արձակել նաև Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։