Իրանը հաստատակամ է ԱՄՆ-ի և Եվրոպայի հանդեպ իր նախապայմաններում

Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների այն փուլն է, երբ Վաշինգտոնը փորձում է ճնշում գործադրել և միևնույն ժամանակ՝ «քաղցրաբլիթ ցույց տալ»։ Այսպիսով, վերջերս Միացյալ Նահանգները չեղարկել է լիբերիական «VLCC  Oman Pride» լցանավի նկատմամբ պատժամիջոցները, որը նախկինում կալանավորվել և պատժամիջոցների էր ենթարկվել իրանական նավթ տեղափոխելու պատրվակով։ Հայտարարության մեջ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Լիբերիայի դրոշի տակ գործող «VLCC Oman Pride» լցանավը պատժամիջոցների ծրագրերի ցանկից հանելու մասին։ ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը (OFAC) հայտարարել է «Oman Pride» լցանավի դեմ պատժամիջոցները հանելու մասին, որի նկատմամբ գործում էին երկրորդական պատժամիջոցներ։ 2021 թվականի օգոստոսի 13-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ «Oman Pride» լցանավը ներառվել է պատժամիջոցների ցանկում՝ իրանական նավթ տեղափոխելու և իրանական նավթի արտահանումը հեշտացնելու համար։ Ամերիկացիները պնդում էին, որ Օմանի ոմն քաղաքացին խախտել է նավի ավտոմատ նույնականացման համակարգը, կեղծել է բեռնափոխադրման փաստաթղթերը և կաշառք տվել իրանական նավթային և նավագնացության սեկտորի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև հայտնել է, թե Kepler-ի տվյալները ցույց են տվել, որ նավը երեք անգամ բեռնել է իրանական նավթ 2020 թվականի հուլիս, օգոստոս և հոկտեմբեր ամիսներին և նկատվել է Օմանի ափերի մոտ 2021 թվականի օգոստոսի 13-ին։

Թվում է, թե սա ողջախոհության դրսևորում է ԱՄՆ-ի պահվածքում։ Ավելին, փետրվարի 2-ին ԱՄՆ սենատոր Քրիս Մերֆին հայտարարել է, որ ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները ձախողվել են և արդյունք չեն տվել։ «ԱՄՆ-ը ոչինչ չի ստացել Իրանի նկատմամբ Թրամփի «առավելագույն ճնշման» պատժամիջոցներից։ Իրականում ամեն ինչ ավելի է վատացել»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։ Նա նաև հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի վրա հարձակումներն ավելացել են, մինչդեռ Իրանի միջուկային ծրագիրը ընդլայնվել է, սակայն ԱՄՆ-ը շարունակում է Թրամփի ժամանակաշրջանի իր ապարդյուն պատժամիջոցների արշավը։ Ամերիկացի սենատորը նաև հորդորել է իր երկրին պատրաստ լինել չեղարկելու այդ պատժամիջոցները՝ Իրանի կողմից միջուկային համաձայնագրի պայմաններին վերադառնալու դեպքում, որը հայտնի է որպես JCPOA: Ամերիկացի սենատորի այս դիտողությունները հնչում են այն ժամանակ, երբ ավստրիական մայրաքաղաք Վիեննայում դեռևս շարունակվում է Իրանի և JCPOA-ի մնացած երկրների միջև բանակցությունների ութերորդ փուլը, որը հայտնի է որպես P4+1՝ ԱՄՆ-ի անուղղակի մասնակցությամբ: Թեև գլխավոր բանակցողների միջև քաղաքական մակարդակով բանակցությունները դադարեցվել էին մեկ շաբաթով՝ մինչև այս շաբաթվա վերջ, փետրվարի 1-ին հաղորդվել է, որ ութերորդ փուլը վերսկսվելու է հանգստյան օրերին: Բանակցող թիմերը վերադարձել են իրենց համապատասխան մայրաքաղաքներ՝ լրացուցիչ խորհրդակցությունների համար, քանի որ հայտարարվել էր, որ իբր, զգալի առաջընթաց է գրանցվել: Սակայն Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզոդան հունվարի 31-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ պատժամիջոցների չեղարկման հարցում լուրջ խնդիրներ կան։ Նա նաև հավելել է, որ անհրաժեշտ է առաջընթաց գրանցել ԱՄՆ-ի և Եվրոպայի գործողությունների վերաբերյալ ստուգումների և հավաստիացումների ոլորտում։

Սենատոր Մերֆիի խոսքերին գումարվում են նաև Կատարի արտաքին գործերի նախարար Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման Ալ Թանիի հայտարարությունները, որը փետրվարի 2-ին Դոհայի և Վաշինգտոնի միջև հարաբերություններն անվանել է որպես կառավարական և կուսակցական տարաձայնություններից դուրս գոյություն ունեցող և ասել, որ օգտագործում է Վաշինգտոնի և Թեհրանի հետ իր կապի ուղիները՝ ԱՄՆ-ի և Իրանի տեսակետների համահունչ լինելու համար, և որ Կատարի համար կարևոր է, որ համաձայնությունը ձեռք բերվի Վիեննայում։ «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Կատարի էմիր Թամիր բեն Համադ Ալ Թանիի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Իրանի հետ միջուկային գործարքի հարցը։ Եվ քանի որ, ինչպես ասել է Կատարի արտգործնախարարը, Դոհայում գիտեն և գիտակցում են, որ Թեհրանը փորձում է բարիդրացիության հասնել, Կատարը միջուկային գործարքին վերադարձը դիտարկում է որպես տարածաշրջանային կայունության գործոն։

Սակայն քանի որ ԱՄՆ-ը դեռ չի պատրաստվում չեղարկել Թեհրանի դեմ պատժամիջոցները, Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի բանագնաց Մոհամմադ Ռեզա Գաեբին հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) մուտք չի ունենա Սպահանում գտնվող իրանական նոր միջուկային կայան, քանի դեռ չի վերականգնվել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (JCPOA)։ «Մի քանի ժամ առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից հրապարակած զեկույցը միջազգային կազմակերպության հերթական թարմացումն է, որը անդամ երկրներին տրամադրում է Իրանի միջուկային գործունեության վերաբերյալ վերջին տեխնոլոգիական տեղեկատվությունը, – ասել է նա լրագրողներին հունվարի 31-ին: – Զեկույցը ներառում է ավելի վաղ Իրանի կողմից ՄԱԳԱՏԷ-ին տրված տեղեկությունն այն մասին, որ երկիրը մտադիր է սկսել ցենտրիֆուգային մասերի արտադրությունը Սպահանի նոր օբյեկտում՝ Քերեջում գտնվող «Tesa» համալիրի փոխարեն: Այս գործընթացը դեռ չի սկսվել, և ՄԱԳԱՏԷ-ն կկարողանա մոնիտորինգ իրականացնել, սակայն տեղեկատվությունը կպահվի Իրանում»։ Դիվանագետը հավելել է, որ ՄԱԳԱՏԷ-ին հասանելի չի լինի այս տեղեկատվությունը, քանի դեռ JCPOA-ն չի վերականգնվել: Պարոն Գաեբիի խոսքերը նշանակում են, որ ԱՄՆ-ը պետք է կոնկրետ պատասխան տա, ոչ թե առաջարկի «նոր բանակցություններ»։

Սերգեյ Շաքարյանց