Հայկական բանակի օրվա երեկվա ինքնաբուխ միջոցառումների ժամանակ ես հասկացա մեկ բան, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է կատարել Ադրբեջանի նախագահի պահանջը․ Հոխիկյան

Հիշում եք՝ Ալիևը 2020-ից հետո անընդհատ կրկնում է, որ Հայաստանը սեփական բանակ չպետք է ունենա, իսկ Հայաստանի սահմանային անվտանգությունը պետք է կախված լինի Ադրբեջանի և Թուրքիայի բարեհաճությունից։

Հայկական բանակի օրվա երեկվա ինքնաբուխ միջոցառումների ժամանակ ես հասկացա մեկ բան, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է կատարել Ադրբեջանի նախագահի պահանջը։

Տեղի չունեցան պետական մակարդակով կազմակերպված միջոցառումներ, վարչապետն ու զինվորական բարձրագույն հրամանատարությունը իբրև թե վարակվեցին կորոնավիրուսով, մի քանի նախարարներ գնացին Եռաբլուր ու դրանով իրենց պարտքը համարեցին ավարտված, այնինչ բանակը նշում էր վերակազմավորման 30-ամյակը։

Չնայած դրան՝ ամբողջ օրվա ընթացքում ազգի նվիրյալ հատվածը վաղ առավոտից մինչև ուշ գիշեր գնում էր Երևանի Եռաբլուր, մարզերի զինվորական պանթեոններ ու խոնարհվում հայրենիքի համար զոհվածների առաջ։ Դա ինքնաբուխ էր ու ցույց էր տալիս մեկ իրողություն՝ որքան էլ Փաշինյանական ավազակախումբը ապազգային լինի ու թշնամուն խոստանա ոչնչացնել հայկական բանակի արժեհամակարգը, ազգի սերուցքը դա թույլ չի տա, թույլ չի տալիս։

Բանակի վերակազմավորման 31-ամյակին մենք մեծ տոն ենք կազմակերպելու՝ ազգային ինքնություն ունեցող իշխանության և ոտքի կանգնող բանակի գլխավորությամբ։ Բայց դրան հասնելու համար մեզնից յուրաքանչյուրի նվիրումն ու համարձակությունն է պետք հենց այսօրվանից՝ «ո՞վ, եթե ոչ ես» սկզբունքով։

 

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից