ԵՄ-ը ի վիճակի չէ պատասխանատվություն ստանձնել Ուկրաինայի իրավիճակի համար․ ՌԴ ԱԳՆ

Եվրամիությունը չի կարող աջակցել ներուկրաինական հակամարտության կարգավորմանը և ճիշտ գնահատել Ռուսաստանի առաջարկները եվրոպական անվտանգության շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։ Գրում է tvzvezda.ru-ն:

Զայցևը ընդգծել է, որ ԵՄ-ին խանգարում է «իր սխալ հաշվարկն ընդունելու պաթոլոգիական անկարողությունը»՝ 2014-ին Ուկրաինայում պետական ​​հեղաշրջմանն աջակցելուն և Կիևի իշխանությունների ամենաթողությունը չխոչընդոտելուն։ Այդ պատճառով միությունը չի կարող լայնորեն նայել Եվրոպայում տիրող իրավիճակին և հասկանալ ռուսական առաջարկների օգտակարությունը:

«ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից իրավական պարտադիր երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկների իրականացումը անհրաժեշտ պայմաններ կստեղծի մեր ընդհանուր մայրցամաքի բոլոր երկրների կայուն զարգացման համար և կամրապնդի եվրոպական անվտանգությունը»,- ասել է Զայցևը։

Չորեքշաբթի օրը՝ հունվարի 26-ին, ՌԴ ԱԳՆ-ը Մոսկվայում ԱՄՆ դեսպանից ստացել է ամերիկյան կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների գրավոր պատասխանը։ Բրյուսելում Ռուսաստանի դեսպանը պատասխան է ստացել նաև ՆԱՏՕ-ից։