Այս ճգնաժամում Արևմուտքը փորձում է լուծել երկու հարց

Հասկանալի է, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը ամենաքննարկվող թեման է,  սակայն մեզ համար կարևոր նշանակություն ունի նաև տարածաշրջանային զարգացումների տրամաբանությունը, քանզի վերջին աշխարհաքաղաքական զարգացումները պարունակում են Հայաստանի և Արցախի համար թե՛ լրջագույն վտանգներ, թե՛ բացում են հնարավորությունների նոր «պատուհան»։

Եթե խոսենք պայմանական Հյուսիս-Արևելքի (Ռուսաստան) և Արևմուտքի (ԱՄՆ, ՆԱՏՕ և Եվրոպա) առճակատման մասին, ապա ակնհայտ է դառնում, որ աշխարհը մոտեցել է հենց այն գծին, որը կոչվում է աշխարհաքաղաքական նոր սահմանների գծում և 1991 թվականից հետո նոր միջազգային կանոնների ձևավորում։

Ակնհայտ է, որ մի իրավիճակում, երբ մեծանում է Արևմուտք-Արևելք գծի երկայնքով ռազմական առճակատման հավանականությունը, միջազգային կազմակերպությունների գործառույթները, որոնք նախատեսված են հիմնականում գլոբալ պատերազմի վտանգները համահարթելու համար, զրոյացվել են։ Խոսքը ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի մասին է և, ի դեպ, սրա վառ հաստատումն է թուրք-ադրբեջանական ուժերի ահաբեկչական ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ։

Ռուսաստանի և պայմանական Արևմուտքի նախապատերազմական պատրաստվածությունը, միմյանց նկատմամբ տոտալ հոգեբանական ճնշումը, դիվանագիտական բանակցություններում ռազմական բաղադրիչների ներմուծումը միայն մեկ բան է ասում.

Մենք գտնվում ենք միջազգային հարաբերությունների ողջ կառուցվածքում վիթխարի փոփոխությունների շեմին։

Հասկանալի է, որ ուկրաինական ճգնաժամն ընդամենը կատալիզատոր է, որն իր դերն ունեցավ Ռուսաստանի և պայմանական Արևմուտքի երկարատև դանդաղ զարգացող առճակատման մեջ։

Սակայն, նույնիսկ այս ամենով հանդերձ, անհրաժեշտ է հասկանալ կողմերի ռազմավարական ծրագրերն ու նպատակները։

Այս ճգնաժամում Արևմուտքը փորձում է լուծել երկու հարց՝ գլոբալ և մարտավարական։

2-4 տարվա հեռանկարի տակտիկական խնդիրն է հանդիսանում մի իրավիճակի ստեղծումը, երբ 2024 թվականի ընտրություններում Ռուսաստանի նախագահի պաշտոնում Պուտինին կամ նրա լոյալ իրավահաջորդին առաջադրելը շատ դժվար լինի։

Իհարկե, այս ճգնաժամը ռուսների վրա ճնշում գործադրելու գործիքներից միայն մեկն է և զուգահեռաբար, իրավիճակը սրելու փորձ էր կլինեն նաև Ռուսաստանի ներսում՝ ներքին հասարակական-քաղաքական արհեստական անհնազանդության գեներացմամբ։

Իսկ ռուսներն էլ իրենց հերթին ցանկանում են կանխել արևմտյան և արևելյան ուղղություններով իրենց շահերի գոտի մշտական ներխուժումը՝ զուգահեռորեն իրենց սահմանների դիմաց ստեղծելով, այսպես կոչված, ռազմավարական բուֆերներ։

Գլոբալ խնդիրը, որը երկու կողմերն էլ ցանկանում են լուծել, պայմանական Արևմուտքի և Ռուսաստանի (Արևելքի) միջև նոր սահմաններ գծելն է։ Ինչը հասկանալի էր։

Պարզ է, որ ռուսներին կբավարարի այն երկրների պարագծով, որոնք ժամանակին եղել են Վարշավայի պայմանագրի կազմակերպության անդամ (ԽՍՀՄ ժամանակների ՆԱՏՕ-ի անալոգը), այսինքն՝ Արևելյան Եվրոպայի սահմանագծով, իսկ արևմտյան երկրները ձգտում են հնարավորինս մոտենալ Ռուսաստանի ֆիզիկական սահմաններին, ինչը, նույն ամերիկացիների կարծիքով, ենթադրաբար կզսպի Ռուսաստանին եվրո-ամերիկյան և բրիտանական շահերի խորությանը մայրցամաքային Եվրոպայի և մեծ Ասիայի երկայնքով սպառնալու հնարավորությունից:

Հասկանալի է, որ Իրանը, Չինաստանը, Հնդկաստանը և Մերձավոր Արևելքի երկրներն անհանգիստ հետևում են այս ճգնաժամի զարգացմանը, քանի որ վտանգված են նրանց կենսական շահերը, սակայն, եթե նայեք խնդրի էությանը, ապա երկրներից յուրաքանչյուրը արդեն փնտրում է իր համար ձեռնտու դիրքեր՝ անկախ դիմակայության ելքից։

Ուկրաինան այս դեպքում ընդամենը «մատաղի ոչխար» է, որի գործառույթը սրման դեպքում միայն Ռուսաստանի և Արևմուտքի միջև սպասվող ռազմական առճակատման ժամանակ ֆիզիկական մարտադաշտի վերածվելն է։

Ռուսները, իհարկե, կփորձեն իրենց սահմաններին սպառնացող վտանգը ասիմետրիկորեն տեղափոխել ԱՄՆ-ի սահմաններ՝ ամրապնդվելով Կուբայում, Վենեսուելայում և Նիկարագուայում, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե ամերիկացիները «ետ չտան» իրենց ռազմական ենթակառուցվածքը եվրոպական մայրցամաքի խորքը:

Իհարկե, Թուրքիան փորձում է այստեղ առանձին դեր խաղալ, որն իրեն համարում է գրեթե միակ մոդերատոր երկիր։

Սակայն Էրդողանի այս աշխարհաքաղաքական «կապիկությունը», ամենայն հավանականությամբ, առաջացնում է հակառակորդ կողմերի ջղայնությունը, քանի որ բոլորին հասկանալի է, որ Թուրքիան այս դեպքում փորձում է ապագա աշխարհակարգի բաժանման մեջ «խլել» իր փայաբաժինը (բնականաբար իր անգլո-սաքսոն տերերի թույլտվությամբ)։ Սակայն, և՛ ռուսները, և՛ ամերիկացիները Թուրքիային ասացին, որ լռի, քանի դեռ «մեծերը չափվում են իրենց մկաններով», մանավանդ, որ Թուրքիայի՝ որպես անկախ խաղացողի, դերը հիշեցնում է «օճառի պղպջակ»: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որի տարածքում տեղակայված են ամերիկյան ռազմակայանները։ Կարծում եմ, որ մեկնաբանություններն ավելորդ են։

Այս դեպքում շատ կարևոր է նաև նշել, որ մեր տարածաշրջանը (Հայաստան, Վրաստան և Ադրբեջան) այն սահմանային տարածքներն են, որոնց երկայնքով և ենթադրաբար կանցնի նոր քաղաքական ճեղքվածքը, ինչը փաստացի նշանակում է, որ ուկրաինական մրցուղու վրա սրացումների դեպքում շատ հավանական է, որ այն կպայթի նաև մեր տարածաշրջանում, հատկապես, որ թուրքերի և ադրբեջանցիների ագրեսիվ մտադրությունները շատ հստակ խաղում են տարածաշրջանում Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։

Մի խոսքով՝ նոր «կարիբյան ճգնաժամը» բացահայտեց միջազգային անվտանգության համակարգում նոր և արդյունավետ մեխանիզմ ձևավորելու անհրաժեշտության մասին հին խնդիրները, և այժմ շատ կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները դադարեն խաղալ թուրքական սցենարով կեղծ «խաղաղության դարաշրջան», այլ ակտիվորեն պատրաստվեն շատ դժվար ժամանակներին։

Սակայն ո՞ւմ եմ ասում։

Խաղաղություն բոլորիս։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից