Թուրքիան և Ադրբեջանն այս տարի մտադիր են սկսել դեպի Նախիջևան գազատարի անցկացումը

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացրել է համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին։ 

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Զաքիր Հասանովի հանձնարարությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն այցելել է ՌՈՈւ զորամասերից մեկը։ Նա մասնակցել է ՀՕՊ պետերի և զենիթահրթիռային դիվիզիոնների հրամանատարների համար կազմակերպված ուսումնամեթոդական հավաքին: Ապա Վելիևը ստուգել է Արցախից գրավված տարածքներում տեղակայված զորամասերի գործունեությունը։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, որ հունվարի 18-ին շահագործման է հանձնվել Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության սահմանապահ զորքերի «Ղուբաթլի» առանձին սահմանապահ դիվիզիայի շտաբի նոր շենքը։

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Նիզամ Օսմանովը մասնակցել է Վարանդայի (Ֆիզուլիի) շրջանում նոր մոդուլային ենթակառուցվածքի բացմանը։ Օսմանովը ծանոթացել է նաև Քարվաճառի շրջանում շահագործման հանձնված մոդուլային տիպի նոր ենթակառուցվածքին, որը ներառում է հանրակացարան, ճաշարան, սննդի պահեստ, զինապահեստ։

Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, թե ադրբեջանական բանակի զինծառայողները մասնակցել են Թուրքիայում անցկացվող դասընթացներին։ Նշվել է, թե ադրբեջանական բանակի զինծառայողները Կայսերիում ներկա են գտնվել պարաշյուտային 113-րդ բազային դասընթացին՝ Առաջին կոմանդոս բրիգադի հրամանատարությամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե Լվովի ավիացիոն վերանորոգման գործարանի վերանորոգման կետում ադրբեջանական ՌՕՈւ 3 ՄիԳ կա։ Հնարավոր է, որ կործանիչներն արդիականացման փուլում են։ 

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին

Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանը հանդես է գալիս սահմանազատման գործընթացի մեկնարկի օգտին՝ առանց որևէ նախապայմանի։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, թե Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է աշխատել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում առաջընթացի ձեռքբերումը հնարավորություն կտա էական առաջընթաց գրանցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

«IMZA» սոցիալական զարգացման աջակցության հասարակական ասոցիացիայի ներկայացուցիչ Էլնար Մամեդլին նշել է, թե 2022 թ-ին «IMZA»-ի կազմակերպչական աջակցությամբ կանցկացվի Ղարաբաղյան II տնտեսական համաժողովը։

Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտարարել է, թե Ուկրաինայի շինարարական և այլ ընկերություններ պատրաստ են մասնակցել Արցախից գրավված տարածքների վերականգնմանն ու վերակառուցմանը։

Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը հայտարարել է, թե չինական ընկերությունները շահագրգռված են Արցախից գրավված տարածքներում Ադրբեջանի կողմից իրականացվող աշխատանքներին մասնակցելու մեջ, մասնավորապես՝ արտադրական օբյեկտներ ստեղծելու հարցում։ Դիվանագետը նշել է, որ չինական Huawei ընկերությունը մասնակցում է Ղարաբաղում «խելացի քաղաքներ» և «խելացի գյուղեր» ստեղծելու նախագծերին։

Հունվարի 21-ից Ադրբեջանում գործարկվել է yolumuzqarabaga.az կայքը, որը ստեղծվել է Զբոսաշրջության պետական գործակալության կողմից Արցախից գրավված տարածքներ կանոնավոր ուղևորությունների կազմակերպման համար։ Նշվել է, թե 18 տարին լրացած Ադրբեջանի ցանկացած քաղաքացի կարող է գրանցվել կայքում և տոմսեր գնել դեպի Ղարաբաղի տարածքներ ավտոբուսային կանոնավոր երթուղիների համար։

Հունվարի 24-ից սկսվել է Բաքվից դեպի Շուշի և Ակնա (Աղդամ) կանոնավոր ավտոբուսային երթուղիների բացումը։ Բաքու-Շուշի-Բաքու և Բաքու-Ակնա-Բաքու երթուղիներով առաջին կանոնավոր ավտոբուսները շարժվել են: Նշվել է, թե ուղևորությունները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։

Ադրբեջանի Ավտոմոբիլային տրանսպորտի պետական ծառայության ղեկավար Անար Ռզաևը հայտարարել է, թե ադրբեջանցիները տարին մեկ անգամ կարող են այցելել Արցախից գրավված տարածքներ։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե «Ազերսու» ընկերությունը վերականգնել է Մատաղիս (Սուգովուշան) և Թալիշ գյուղերի խմելու ջրի մատակարարումը, իսկ Մատաղիսի ջրամբարի ջուրն արդեն օգնում է Ադրբեջանում գյուղատնտեսության զարգացմանը: Շուշի, Քարվաճառ քաղաքներից և Հադրութ ավանից հետո «Ազերսու»-ն սպասարկման կետ է բացել նաև Կովսականում (Զանգելանում)։

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը նախարարության կոլեգիայի նիստում հայտարարել է, թե իր գլխավորած նախարարությունը սկսել է Արցախից գրավված տարածքներում «Հաղթանակի» և «Օկուպացիայի» թանգարանների ստեղծման աշխատանքները։

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռովշան Ռուստամովը հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքների ինտերնետով ապահովելու համար գործողությունների ծրագիր է մշակվել։

Զբոսաշրջության պետական գործակալության տարածաշրջանային զբոսաշրջության զարգացման սեկտորի ղեկավար Իլքին Ջավադովը հայտարարել է, թե Քարվաճառի շրջանն ամենահարմարն է ձմեռային զբոսաշրջության համար։

Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունների առնչությամբ ԵԱՀԿ լեհաստանյան նախագահությունից հայտնել են, թե ԵԱՀԿ գործող նախագահությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս հայտարարել է, թե ՌԴ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի շարունակմանը։ Իսկ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ասել է, թե Ռուսաստանը մտահոգված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը չի կարող այցելել Ղարաբաղ։

Նշենք, որ Ալիևը նախորդ շաբաթ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում սպառնացել էր ճնշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ղարաբաղի հարցով զբաղվելու փորձերը:

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, նշել է, թե Ֆրանսիայի ԱԳՆ-ն անընդունելի է համարում Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի հասցեին Ադրբեջանի արտահայտությունները այն բանից հետո, երբ նա այցելել է Արցախ։

Ֆրանսիայի նախագահի թեկնածու աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունից Վալերի Պեկրեսը երկրի իշխանությանը մեղադրել է անգործության մեջ՝ դեկտեմբերի վերջին ԼՂ կատարած իր այցի պատճառով Ալիևի մի շարք հայտարարություններից հետո:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահը Պեկրեսի այցը Ղարաբաղ սադրանք էր անվանել՝ նշելով, որ այն ուղղված է Էմանուել Մակրոնի դեմ։ Ֆրանսիացի պատգամավորները դիմել են Մակրոնին, որ Ադրբեջանի նախագահից պահանջի ներողություն խնդրել Պեկրեսից։

Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարար Ռահման Գումետովը հայտարարել է, թե Ադրբեջանի իշխանությունները կարգելեն օտարերկրացիներին այցելել Ղարաբաղ։ Ըստ նրա՝ այս փուլում Ղարաբաղ կարող են մեկնել միայն Ադրբեջանի քաղաքացիները։ 

Տարածաշրջանային նախագծերի մասին

Թուրքական լրատվամիջոցները գրել են, որ Թուրքիան և Ադրբեջանն այս տարի մտադիր են սկսել դեպի Նախիջևան գազատարի անցկացումը։ Նախագծի շրջանակում թուրքական կողմն այս տարի 100 մլն թուրքական լիրա (7,38 մլն դոլար) կներդնի։

Այն կկառուցվի որպես Իգդիր գազատարի գիծ։ Խողովակաշարը կունենա 82 կմ երկարություն և Ադրբեջանից ստացված բնական գազը կտեղափոխի Նախիջևան։ Նախագիծը կիրականացվի Petroleum Pipeline Company (BOTAŞ) թուրքական ընկերության և ադրբեջանական SOCAR պետական նավթային ընկերության հետ համագործակցությամբ։

Իտալական լրատվամիջոցները գրել են, որ 2021 թ-ին Իտալիան արտասահմանում վաճառել է 20 միլիոն խորանարդ մետր գազ։ Դա հնարավոր է դարձել «Տրանսատրիատիկ գազատար»-ի՝ TAP-ի գործարկման շնորհիվ, որն Ադրբեջանից մոտ 8 միլիարդ խմ գազ է տեղափոխում իտալական Պուլիա, ինչպես նաև երկրում գազի պահեստավորման համակարգի շնորհիվ։

Նշենք, որ TAP-ը Հարավային գազային միջանցքի առանցքային բաղադրիչ է, որը ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա տեղափոխելու համար նախատեսում է խողովակաշարային ենթակառուցվածքի ստեղծում։

Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին Ռուսաստան կատարած այցի ժամանակ նշել է, որ իրենք առաջարկել են ռուսական գազի փոխանակում Ադրբեջանից դեպի Իրանի հարավ՝ դրա հետագա արտահանման նպատակով:

Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, թե 2022 թ․-ից ադրբեջանական SOCAR (50%) և ֆրանսիական Total (50%) ընկերություները սկսելու են Ապշերոն հանքավայրից գազի արտահանումը։ Նշվել է, թե Ապշերոնի հանքավայրի պաշարները գնահատվում են 350 մլրդ խմ գազ և 45 մլն տոննա կոնդենսատ։ 

Այլ թեմաներ

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե այս տարի Ամերիկյան Մարշալի ժառանգության ինստիտուտը (Marshall Legacy Institute) արագացված տեմպերով կշարունակի ականազերծման աշխատանքը՝ ներգրավելով հատուկ վարժեցված շների։

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հերքել է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե բանակցություններ է վարում Սուրենավանում գտնվող բիտումի գործարանը գնելու համար։

Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հայտարարել է, թե Ադրբեջանը հուսով է, որ «շահագրգիռ» Հռոմի Ֆրանցիսկոս պապը միջնորդ կհանդիսանա Բաքվի և Երևանի միջև։

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) խուզարկել է դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուելարի տունը և Թեխասում նախընտրական գրասենյակը՝ Ադրբեջանի և մի շարք ամերիկացի գործարարների հետ կապված դաշնային լայնածավալ հետաքննության շրջանակում։