Պետդեպարտամենտը չի հաստատել

Պետդեպարտամենտը չի հաստատել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական ​​անձնակազմի ընտանիքների մոտալուտ տարհանման մասին լուրերը՝ նշելով, որ երկրի քաղաքացիները չպետք է հույսը դնեն կառավարության կողմից հովանավորվող թռիչքների վրա, այլ օգտագործեն կոմերցիոն ավիաընկերություններ։

Նախօրեին CNN-ը, հղում անելով  սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Կիևում ԱՄՆ դեսպանատունը Պետդեպարտամենտին խնդրել է թույլ տալ ոչ հիմնական անձնակազմին և նրանց ընտանիքներին հեռանալ: Այնուհետև FoxNews-ի լրագրողներից մեկը Twitter-ում գրել էր, որ վարչությունը հրամայել է տարհանումը սկսել երկուշաբթի։ Նրա խոսքով՝ այս տեղեկությունը հայտնել են պաշտոնյաները։

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունում, այս կապակցությամբ դեռևս հայտարարելու ոչինչ չկա։ Նրանք նշել են, որ «ինչպես միշտ», իրենք իրականացնում են «անվտանգության իրավիճակի վատթարացման դեպքում արտակարգ իրավիճակների մանրակրկիտ պլանավորում»։

ՌԴ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ տարածաշրջանում լարվածությունը խթանում են ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքի այլ երկրներ, որոնք ավելացրել են Սև ծովում զորավարժությունների թիվը։ Ինչպես ավելի վաղ նշել էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՆԱՏՕ-ն ավելացնում է զենքի մատակարարումները Ուկրաինային, որտեղ ավելացել է արևմտյան հրահանգիչների թիվը։ Դիվանագետի խոսքով՝ դա կարող է ուկրաինական իշխանություններին հրահրել «ռազմական արկածախնդրության», որն ուղղակի սպառնում  է Ռուսաստանի անվտանգությանը: Կիևը Դոնբաս է ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը, նշել են գերատեսչությունում։ Մոսկվան կարծում է, որ Արևմուտքը փորձում է զորքերի խումբ ստեղծել Ռուսաստանի սահմանների մոտ։

Հիշեցնենք՝  ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, թե ԱՄՆ պետդեպարտամենտը կարգադրել է հունվարի 24-ից սկսել Ուկրաինայում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների ընտանիքների տարհանումը: Նման պնդմամբ շաբաթ Twitter-ում հանդես է եկել Fox News հեռուստաալիքի լրագրող Լուկաս Թոմլինսոնը՝ վկայակոչելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին։