Բրիտանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել բրիտանացիներին զերծ մնալ Ուկրաինա մեկնելուց

Բրիտանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել Միացյալ Թագավորության քաղաքացիներին զերծ մնալ Ուկրաինա մեկնելուց, եթե խիստ անհրաժեշտություն չկա: Թարմացված առաջարկությունները շաբաթ հրապարակվել են բրիտանական դեպարտամենտի կայքում։

«Արտաքին գործերի, համագործակցության և միջազգային զարգացման նախարարությունը խորհուրդ է տալիս ոչ մի ուղևորություն չանել Լուգանսկի մարզ, Դոնեցկի մարզ և Ղրիմ (Բրիտանական կառավարությունը չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանի Դաշնությանը – նշում է ՏԱՍՍ-ը)։ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում տեղեկացնել հյուպատոսական ծառայությունների Ուկրաինայի տարածքում գտնվելու մասին»,- ասվում է փաստաթղթում։

Գերատեսչությունը նախազգուշացրել է «Ուկրաինայում արագ զարգացումների» հավանականության մասին՝ կապված «Ռուսաստանի մտադրությունների վերաբերյալ անորոշության» հետ։ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգոն լինել, ուշադիր հետևել նորություններին և տեղյակ լինել այն հնարավորության մասին, որ նրանք կարող են շտապ փոխել պլանները և լքել երկիրը։

«Ուկրաինայում ցանկացած վայրում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Կիևում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հյուպատոսական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը լրջորեն կսահմանափակվի»,- նշել են գերատեսչությունում։

Վերջերս արեւմտյան երկրներում, ինչպես նաև Կիևում հայտարարություններ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը կարգավորելու համար ուժի կիրառման փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։