Հայաստանը Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու է երեք մարզաձևերում

24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերին ընդառաջ LIVEnews.am-ը զրուցել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ։ 

– Պարոն Ռոստոմյան, մասնակցելո՞ւ է Հայաստանը 24-րդ  Ձմեռային օլիմպիական խաղերին և ի՞նչ մարզաձևերում է ունենալու ներկայացվածություն։ 

-Հայաստանի մարզական պատվիրակությունը մասնակցելու է 2022 թվականին Պեկինում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով՝ դահուկավազք, լեռնադահուկային սպորտ և գեղասահք մարզաձևերում։ 

– Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերը տեղի են ունենանլու գլոբալ համավարակի պայմաններում։ Հայաստանը մտավախություն չունի՞ այս առնչությամբ։ 

– ՀԱՕԿ-ը մտավախություն չունի, քանի որ համոզված ենք, որ Խաղերի անցկացման կազմկոմիտեն, ՄՕԿ-ը Չինաստանի կառավարության հետ համատեղ ձեռնարկել և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ աղետի դեմ պայքարի ուղղությամբ։   

Չինաստանի կառավարությունը և ժողովուրդը մի քանի տարի շարունակ՝ ներառյալ պանդեմիայի ժամանակը, պատրաստվել են Ձմեռային օլիմպիական խաղերին։ Ինչպե՞ս է այդ ջանքերը գնահատում և որակում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։ 

-Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, խաղերի կազմկոմիտեի և ՄՕԿ-ի միջև այսօրվա դրությամբ ոչ մի խնդիր չի առաջացել։ 

Մի քանի երկրներ որոշել են դիվանագիտական բոյկոտ հայտարարել Ջմեռային օլիմպիական խաղերին։ Ի՞նչ կարծիք ունի այս մասին ՀԱՕԿ-ը և որքանո՞վ է ընկալելի և ընդունելի այդ բոյկոտը։ 

– Ձեռնպահ կմնամ հարցին պատասխանելուց, սակայն ուզում եմ հիշեցնել, որ համաձայն Օլիմպիական խարտիայի՝ Օլիմպիական խաղերի սկզբունքներ են արդարությունը, ազնվությունը, համերաշխությունը, խաղաղությունը, և պատահական չէ, որ Օլիմպիական խաղերի անցկացման օրերին պատերազմներն են դադարեցվում։ Օլիմպիական խաղերին հարիր չէ ռասիզմը, քանզի անկախ ազգային պատկանելությունից, կրոնական հայացքներից և սեռից, մարդը մարդու համար ընկեր է, բարեկամ։

Չինաստանը վստահություն ունի, որ Ձմեռային օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ընթացքում կկարողանա լիովին հաղթահարել համաճարակի հետ կապված խնդիրները։ Կիսո՞ւմ է ՀԱՕԿ-ը այդ վստահությունը և ի՞նչ միջոցառումներ է ձեռք առել այդ ուղղությամբ։

-ՀԱՕԿ-ը համոզված է, որ խաղերի կազմկոմիտեի, ՄՕԿ-ի և Չինաստանի կառավարության համար հաղթահարելի են բոլոր խոչընդոտները Խաղերի բարձր մակարդակի անցկացումը ապահովելու ուղղությամբ։