Ընդդիմությունը չպետք է չհրաժարվի միջազգային ատյաններում պարտականությունները կատարելուց․ Ա․Վանեցյան (տեսանյութ)

«ԱՄՆ նախատեսված այցի վերաբերյալ ամեն ինչ ասված է տարածած հայտարարության մեջ, այս պահին ու առհասարակ ասելու բան չկա»,-ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Իշխանության հետ ճանապարհ գնալու վերաբերյալ հարցին ի պատասխան Վանեցյանն արձագանքեց. «Ես ԱԺ պատգամավոր եմ, որն ունի լիազորություններ, պարտականություններ ու պատասխանատվություն իր ընտրողի առջև։ Կարծում եմ, ընդդիմության ընտրողների ձայնը պետք է լսելի դարձնել միջազգային հարթակներում»։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց, աջակցում է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը արտասահմանայան այցերը բոյկոտելու վերաբերյալ։

«Սակայն մենք ունենք մեր դիրքորոշումը։ Պետք է օգտագործենք ցանկացած հնարավորություն այս իշխանությունների գործողությունները, որոնք վնասում են ժողովրդավարությանը, խորհրդարանական մշակույթին, մեր երկրի վարկանիշին, պետք է բարձրաձայնենք ու լսելի դարձնենք միջազգային կառույցների համար»,-ասաց նա։

Վանեցյանը նկատեց, մարդիկ այսօր հարց են տալիս, թե ինչու նախկինում միջազգային կառույցներն ակտիվորեն արձագանքում էին Հայաստանում կատարվող գործընթացներին, խնդիրներին, իսկ այսօր՝ ոչ։

«Ընդդիմությունը պետք է բարձրաձայնի խնդիրների մասին։ Մենք չպետք է չհրաժարվենք միջազգային հարթակներում մեր պարտականություններն ու լիազորությունները կատարելուց»,-ասաց Վանեցյանը։

Մանրամասները՝ տեսանյութում