Եվրահանձնաժողովի ղեկավարին Էրդողանի հետ հանդիպմանը աթոռ չեն տվել (տեսանյութ)

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում աթոռ չեն տվել, Panorama.am-ի տեղեկացմամբ, գրել է The Washington Post-ը:

Հիշեցնենք, որ երեկ Անկարայում տեղի ունեցավ Էրդողանի հանդիպումը ֆոն դեր Լեյենի ու ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Համացանցում հրապարակված կադրերը ցույց են տալիս, որ ԵՀ ղեկավարը ոտքի վրա է մնացել, քանի որ սենյակում ընդամենը երկու աթոռ է դրված եղել, որոնցից մեկին նստել է Միշելը, մյուսին՝ Էրդողանը։ Արդյունքում, ֆոն դեր Լեյենը ստիպված է եղել բազմոցին նստել՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի դիմաց, որն ըստ դիվանագիտական ​​պրոտոկոլի՝ ավելի ցածր աստիճանի է: Բացի դրանից, ընդունված նորմերի համաձայն, նման բանակցությունների ընթացքում այս տեղը սովորաբար հատկացվում է թարգմանիչներին և հանդիպման այլ մասնակիցներին, նշում է թերթը:

Եվրախորհրդարանի անդամ, պատգամավոր Սոֆի ին Ուլդը կարծում է, որ տեղի ունեցածը պատահականություն չէ, այլ կանխամտածված էր։