Բայդենը Պուտինին հրավիրել է մասնակցելու կլիմայի փոփոխության գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հրավիրվել են կլիմայի փոփոխության գագաթնաժողովին, որը Վաշինգտոնը մտադիր է կազմակերպել ապրիլին՝ վիրտուալ ձևաչափով: Այս մասին, ինչպես հայտնում է Սպիտակ տան մամուլի կենտրոնը, մարտի 26-ին լրագրողներին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Դեռ ոչ, բայց նրանք գիտեն, որ իրենց հրավիրել են: Ես նրանցից ոչ մեկի հետ դեռ չեմ խոսել», – ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե նա հանդիպմանը հրավիրե՞լ է Ռուսաստանի Դաշնության և Չինաստաի ղեկավարներին:

Ինչպես հստակեցնում է Սպիտակ տունը, կլիմայի գագաթնաժողովին հրավիրվել են աշխարհի 40 առաջնորդներ:

«Նախագահ Բայդենը Կլիմայի գագաթնաժողովին հրավիրել է աշխարհի 40 երկրների առաջնորդների, որը նա կազմակերպում է ապրիլի 22-ին և 23-ին: Առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովը հեռարձակվելու է ուղիղ եթերում», – ասվում է փաստաթղթում: Հրավիրյալների ցուցակում,  ի թիվս այլոց, նշված են Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի նախագահների անունները: