Հոկտեմբերի 28-ին Սարգսի կռիվն ավարտվեց․ երեկոյան ժամին ականանետի արձակած արկն ընկավ նրա ոտքերին

Սարգիս Հարությունյան` 20 տարեկան

Սարգիսն Արցախից է… Հայրն առաջին Արցախյան պատերազմի մասնակից է, 4 եղբայրներից մեկն՝ Ապրիլյանի, վերջին պատերազմի մասնակիցներն էլ Սարգիսն ու մյուս 2 եղբայրները դարձան։ Երբ պատերազմը սկսվեց, նա Մարտակերտում էր։ Զորամասը ռմբակոծության էր ենթարկվում, միայն 2-3 ժամ անց կարողացան դուրս գալ ու բարձրանալ դիրքեր։ Մինչև հոկտեմբերի 22-ն անցկացրեց Մարտակերտի դիրքերում, հետո տեղափոխեցին Մարտունի։

«Մարտունի որ գնացի, գիտեի՝ փրկում չկա, էնտեղ միայն մեռնելն է, ուրիշ ձև չկա, զարմանում եմ, թե ոնց եմ հասել հիվանդանոց։ Էնտեղ ամեն ինչ գցում էին՝ ֆոսֆոր, ավիառումբ, կասետ, բեսպիլոտնիկ…։ Լավ բոյ էր գնում ամբողջ գիշեր, 20 ժամ արթուն էինք, 3-4 ժամ էինք քնում»։

Սարգիսի խոսքով՝ Մարտակերտից Մարտունի տեղափոխվեցին 230-ից ավելի տղաներով, 110-ից ավելին կա՛մ զոհվեցին, կա՛մ անհետ կորած են։ Դա իրական դժոխք էր, որում մի քանի անգամ հրաշքով է փրկվել։

Հոկտեմբերի 28-ին Սարգսի կռիվն ավարտվեց․երեկոյան ժամին ականանետի արձակած արկն ընկավ նրա ոտքերին։

«Սկզբից չհասկացա, որ ոտքերս կտրված են, հողի տակ էի մնացել… Մինչև հիվանդանոց գիտակցությունս տեղն է եղել, ամեն ինչ հիշում եմ։ Ահավոր էին խփում, սկոռին չէր կարողանում մոտենալ»։

Սարգսին տեղափոխում են Մարտունու հոսպիտալ, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ։ Նույն օրը չի հաջողվում նրան Երևան հասցնել․հիշում է՝ հիվանդանոցն այնպես էին ռմբակոծում, որ տեղափոխելն անհնար էր։

Սարգիսն արդեն պրոթեզավորվել է, վերականգնման, բուժման կուրսերն ավարտելուց հետո վերադառնալու է Ստեփանակերտ, իր տունն Արցախում է։ Իսկ քանի դեռ այստեղ է, ֆիզիկականն է նաև ամրացնում մարզասրահում։

«Ոչ միայն ֆիզիկական, մեծ օգուտ է տալիս, մեկ գալս եմ իմանում, մեկ՝ գնալս, լավ տղերքի հետ եմ ծանոթանում»,- հայացքը շուրջ պտտելով՝ ասում է Սարգիսը։

Օրեր առաջ նշանվել է սիրած աղջկա՝ Տաթևի հետ, առջևում ամուսնությունն է։ Մահին հաղթել է, ուրեմն կյանքը շարունակվում է։

https://bit.ly/3sbVvnW

Արթուր Ղազարյանի ֆեյսբուքյան էջից