Նիկոլ Փաշինյանի հերթական արկածախնդրությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներքաղաքական զարգացումներն ու իշխանական ճամբարից ստացվող տեղեկությունները հուշում են, որ իշխանությունն արտահերթ ընտրությունների մասին հերթական ձևական գործընթացն է գեներացրել։ Չնայած օրերս իր պատգամավորների հետ հավաքին Նիկոլ Փաշինյանն ասել է՝ գնում ենք ընտրությունների, բայց մեր աղբյուրներն ասում են, որ նա այդքան վստահ չէ և իր ամենամոտ թիմակիցներին պարբերաբար ասում է, որ երկրում արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա, և ինքն առաջիկայում դա կապացուցի ընդդիմադիրներին։ Փաշինյանը պատրաստվում է այցելել գյուղեր, տեսագրել և ցույց տալ, թե ինչպես են մարդիկ իրեն ողջունում։ Մեզ ասացին, որ նա հատկապես ոգևորվել է Օհանավան այցից։ Անցած կիրակի նա այցելել էր Արագածոտնի մարզ, Օհանավան գյուղ, և երբ գյուղում նրան չեն հայհոյել ու հանդիմանել, եզրակացրել է, որ մարդիկ ամենուրեք ջերմ ընդունելության են արժանացնելու իրեն։

Բացի այդ, վերջին օրերին Հայրենիքի փրկության շարժումն է պասիվացրել Բաղրամյան պողոտայի պայքարը, նաև մեծ հանրահավաքներ, երթեր չեն կազմակերպում, ինչը նույնպես Փաշինյանի մոտ տպավորություն է ստեղծել, որ իրեն հաջողվեց հանգցնել փողոցային պայքարը։

Սրանով է պայմանավորված, որ Փաշինյանը Ծառուկյանի հետ կապի դուրս չի գալիս, տետ ա տետ հանդիպման մասին պայմանավորվածություն չի կայանում։ Հիշեցնենք․ անցած օրերին մենք գրել էինք, որ Ծառուկյանի և Փաշինյանի միջև միջնորդավորված երկխոսության արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ պայմանով, որ դրանք կանցկացվեն ռեյտինգային ընտրակարգով և մինչև հունիս։ Ծառուկյանը Փաշինյանին նաև ասել է, որ նրա հետ կհանդիպի, եթե հանդիպումից հետո նա հայտարարի ընտրությունների օրն ու հրաժարականը։ Ինչպես հայտնի է՝ Էդմոն Մարուքյանն էլ դեմ չէ այս տարբերակին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: