Մեր պաշտպանության անհրաժեշտության գնահատականը Արմենը չէ, որ պետք է տա, ոչ էլ ԱԺ որևէ պատգամավոր. Կապանի քաղաքապետ

Եթե ջոկատ կազմելու, թշնամու դեմ պայքարելու անհրաժեշտություն չկար, բա ո՞նց եղավ, որ Նիկոլ Փաշինյանը մեզ հետ խորհրդակցելիս հայտնեց, որ արդեն անհրաժեշտ է կազմակերպել միջոցներ յուրաքանչյուր համայնքի պաշտպանության: Հենց այդ խորհրդակցության ժամանակ Արմեն Խաչատրյանն էլ էր ներկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի այն հայտարարությանը, թե Սյունիքում բավականին լավ էր կազմակերպված թիկունքային պաշտպանությունը, բայց չի կարելի ասել, որ երկիրն այնպիսի վիճակում է գտնվել, որ համայնքապետները պետք է ջոկատ կազմեին և պայքարեին թշնամու դեմ:

Պատգամավորը նշել էր, որ որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել, դրա անհրաժեշտությունը չի եղել:

«Մեր պաշտպանության անհրաժեշտ լինելու, օգտակար լինելու գնահատականը Արմենը չէ, որ պետք է տա, ոչ էլ ԱԺ որևէ պատգամավոր: Յուրաքանչյուր բնակավայրի բնակիչները, որոնց համայնքապետները կազմակերպել են պաշտպանություն, նրանք պետք է տան գնահատական: Իրենց քաղաքական ուժի ղեկավարն է մեզ հայտնել համայնքների պաշտպանության անհրաժեշտությունը, իր խոսքից հետո արդեն կազմակերպվել են անհրաժեշտ քայլերը: Բայց պնդում եմ, որ գնահատական տալու իրավունք միայն մեր բնակիչներն ունեն»,-ասաց Փարսյանը: