ՀՅԴ երիտասարդները «Նեմեսիս» գործողության մասին գիրք են նվիրել իմքայլականներին

Այսօր՝ Սողոմոն Թեհլիրյանի կողմից Թալեաթ փաշային սպանելու գործողության 100-ամյակի օրը, դաշնակցական երիտասարդները ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին են նվիրել Շահան Նաթալիի «Թուրքերը և մենք» գիրքը՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Վստահ եմ, որ այս խմբակցության գոնե մեծ մասը այսօրվա կարևորության մասին տեղյակ չէ, «Նեմեսիս» գործողության կարևորության մասին տեղյակ չէ, տեղյակ լինելուց էլ շատ անտարբեր է։ Վստահ եմ, որ եթե նրանք այդ ժամանակ լինեին դերակատարներ հայկական իրականության մեջ, «Նեմեսիս» գործողությունը տեղի չէր ունենա, և եթե դերակատարներ էլ չլինեին՝ կողքից հետևողներ լինեին, որպես թուրքասերներ կդատարապարտեին «Նեմեսիս» գործողությունը»,- ասաց ակցիայի մասնակից, ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը։

Նա նշեց, որ գրքում համառոտ նկարագրված է «Նեմեսիս» գործողությունը։

«Ի դեպ, Սողոմոն Թեհլիրյանն իր առաջին ակտը իրականացրել է հայ դավաճանին սպանելով․ «Իմ քայլը» ֆրակցիայում թող կարդան և հասկանան, որ հայոց պատմության մեջ առաջին հերթին հայ դավաճանները իրենց պատիժը կրել են իրենց ժամանակահատվածին բնորոշ ձևով։ Իրենք իրենց մեջ թող գտնեն դավաճաններին և սպասեն իրենց պատժին այսօրվա ժամանակահատվածին համապատասխան, որովհետև այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դավաճանական գործողություն է իրականացրել»,-ասաց Գոռ Սարգսյանը։