Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել

ՀՀ նախագահի աշխատավայրից հաղորդագրություն են տարածել՝ մարտի 13-ին նախագահի հրավերով կայանալիք քննարկման առնչությամբ։

«Հաշվի առնելով, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ պատասխան է ստացել ոչ բոլոր հրավիրյալներից, հանդիպման ձևաչափի մասին կհայտարարվի ավելի ուշ»,-ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության տեքստում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Սարգսյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ առաջնորդվելով համապետական ու համազգային շահերով՝ առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով Հանրապետության վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին ս/թ մարտի 13-ին ժ. 12:00-ին հրավիրում է հանդիպման նախագահական նստավայրում:

Քաղաքական ուժերից մասնակցության հաստատում ակնկալվում էր մինչև այսօր 18։00-ն։

Այս պահի դրությամբ մասնակցելու մասին հրապարակային հայտարարել են միայն «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունները։