Իջևանցիները սահմանների վերաբերյալ պարզաբանում են պահանջում Տավուշի մարզպետից

Իջևանցիները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ, քանի որ մտահոգված են սահմանների հարցով կապված վերջին օրերին շրջանառվող տարբեր լուրերից և պարզաբանում են պահանջում։

Քաղաքացիների հետ հանդիպեց Իջևան քաղաքի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալը և քաղաքացիներին հորդորեց ճանապարհը բացել:

«Դուք խախտում եք հասարակական կարգը, խախտում եք երթևեկությունը, ձեզ հորդորում եմ ճանապարհը բացել: Մարզպետի հետ շփվելու և քննարկելու անհրաժեշտություն չկա, որ միջպետական ճանապարհը փակվի, կարաք գնաք մարզպետարան, հանդիպում պահանջեք, քննարկեք ու հասկանաք, ի՞նչ կարիք կա միջպետական ճանապարհը փակել, սխալ ճանապարհ եք ընտրել»,- նշեց նա:

Քաղաքացիները ճանապարհը մոտ 20 րոպե փակ պահելուց հետո բացեցին, բայց նշեցին՝ կրկին փակելու են ու սպասելու են այնքան, մինչև մարզպետը գա:

«Պարզաբանում ենք ուզում Տավուշի մարզպետից՝ հասկանալու մեր հողերի հետ կապված հետագա  ճակատագիրն ինչպես է լինելու: Մենք մեր պապերից ժառանգություն ենք ստացել, այսօր մտահոգություն է առաջացել, որ հնարավոր է այդ տարածքները հանձնվեն թշնամուն: Անհրաժեշտ է  պարզաբանում:

Երբ որ իրենք ասում են՝ Տավուշի մարզի տարածքներից ոչ մի սանտիմետր հող չեն տալու թշնամուն, ուզում եմ հասկանալ՝ իրենց պատկերացրած Տավուշի մարզը որտեղից է սկսվում, որտեղ ավարտվում: Պետք է հասկանանք՝ մարզպետի պատկերացրած Տավուշի մարզի ու մեր պատկերացրած Տավուշի մարզի տարածքը նույնն է, թե տարբեր»,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Քաղաքացիների մեկի դիտարկմանը՝ թե շուտով թուրքի հետ կապրեք, կինն արձագանքեց. «Թուրքը դու ես, «թուրքերից բեթար եք»»: