Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ դատարանն իրեն «դրախտի պուտյովկա» տրամադրի. Գևորգ Պետրոսյան

«Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների հարցը քննարկելու փոխարեն ուրիշ հարցեր են տալիս։ Ինչ ասես՝ հարցնում են, լավ է՝ չեն հարցնում՝ ինչ են հուշում աստղերը կամ երբ է կնքվել քո մորքուրի մարդը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով, իր դիտողությունն այն էր, որ չպետք է շեղվել օրակարգից, և եթե խոսքը ԲԴԽ-ի, անկախ դատարանի մասին է, ապա ընդհանրապես, գործող օրենսդրության համաձայն, ԲԴԽ նախագահը ԱԺ-ին հաշվետվություն ներկայացնելու խնդիր չունի։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Գևորգ Պետրոսյանի միջև միջադեպ տեղի ունեցավ, երբ երկուստեք կողմերը սկսեցին իրար սաստել։ Պատճառն այն էր, որ Պետրոսյանը իմքայլականներին տեղից կոչ արեց՝ ԲԴԽ նախագահին ավելորդ ու օրակարգին չվերաբերող հարցեր չտալ։

«Սա դասական օրինակ է արդարադատությանը միջամտելու։ Արդարադատության իրականացմանը որևէ ձևով միջամտելն արգելվում է։ Էստեղ պատգամավորներ կան, ես միլիոն անգամ ասել եմ, որ վկայականը կորցնեն, երեք օր չեն հիշի՝ ինչ են աշխատում, ու հիմա իրենք իրենց թույլ են տալիս ԲԴԽ նախագահին տալ մասնագիտական հարցեր»,- նշեց պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԱԺ էր եկել Վճռաբեկ դատարանի դատավորներին ներկայացնելու համար։

Ըստ Գևորգ Պետրոսյանի, խնդիրն այն է, որ երբ «ապիկար» Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ դժգոհություն է հայտնել ԲԴԽ-ին, և իմքայլականները դրանից ոգևորվել են։

«Տո դուք սովորական պայմաններում կարո՞ղ եք ԲԴԽ մտնել կամ որևէ դատավորի մոտ ընդունելության գնալ։ Չի կարելի։ Կամ ինչ է նշանակում՝ պատգամավորը ԲԴԽ նախագահին ասում է՝ դուք ձեր տնային աշխատանքը լավ եք կատարել։ Ա՛յ տղա, էս դպրոց չի, մանկապարտեզ չի։ Տեսեք՝ Նիկոլ Փաշինյանի ցինիզմն ուր է հասնում. ինքը մի դեպքում խոսում է դատական համակարգի անկախությունն ավելացնելու մասին, մյուս դեպքում՝ իր պատգամավորներին լարում է, ասում է՝ ոնց ուզում եք վարկաբեկեք դատարանին։ Դու ո՞վ ես, արա՛, որ ԲԴԽ նախագահին ասես՝ տնային աշխատանքդ լավ ես կատարել։ Այս ձևով Նիկոլ Փաշինյանն ուզում է իր ազդեցությունը դատական համակարգում ավելացնել»,- կարծիք հայտնեց Գևորգ Պետրոսյանը։

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ երբ ասի «դրախտի պուտյովկա» է ուզում, դատարանն ապահովի դա, ու դատավճիռ կայացնի. «Նիկոլ Փաշինյանին տրամադրել դրախտի պուտյովկա»։