Արա Սաղաթելյանի ձերբակալման արձանագրությունը բողոքարկվել է. պաշտպան

ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, վերլուծաբան Կարեն Բեքարյանը և երեկ ձերբակալված երկու քաղաքացիները հրավիրվել են ԱԱԾ՝ մեղադրանք առաջադրելու համար։ Արա Սաղաթելյանի պաշտպան Հակոբ Ենոքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ վարույթն իրականացնող մարմինը նպատակ է հետապնդում մինչև ձերբակալման իրավաչափության հարցի քննարկումը կալանավորման միջնորդություն ներկայացնել՝ համատեղ քննելու համար, որ նրանց անազատության մեջ պահելու հավանականությունը մեծանա։

Արա Սաղաթելյանի փաստաբան Ենոքյանը  տեղեկացրել է, որ որևէ փաստական տվյալ լինել չի կարող, քանի որ կասկածանքն աբսուրդ է։ Փաստաբանը հետաքրքրական համարեց այն հանգամանքը, որ Արա Սաղաթելյանի և մյուսների՝ արգելանքի տակ գտնվելու ժամանակ էլ «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ կողմից գրառումներ են արվել, ինչը վկայում է, որ նրանք որևէ առնչություն չունեն այդ օգտատիրոջ հետ։ Ավելին՝ փաստաբանը հիշեցրեց, որ ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածման կանոնները սահմանվում են կառավարության որոշմամբ, ինչի սահմանադրականության հարցն այժմ վիճարկվում է ՍԴ-ում, ուստի՝ այն կասեցված է և ստացվում է, որ բլանկետային նորմը, որի վրա հղում է կատարվում, կասեցված է։

«Այսինքն՝ շինծու տեղեկությունների հիման վրա կասկածանք է, որը կվերածվի մեղադրանքի»,- նշել էնա՝ հավելելով, որ Արա Սաղաթելյանի ձերբակալման արձանագրությունը բողոքարկվել է։

Ձերբակալման որոշման դեմ բողոքում պաշտպանը վիճարկել է և՛ առնչություն չունենալու, և՛ հիմքերի մասով, մասնավորապես, ձերբակալման արձանագրության մեջ հնշված է, որ ձերբակալվել է հանցանք կատարելուց անմիջապես հետո, բայց կասկածանքի էությունը կազմող գործողություններում նշված է, որ հոկտեմբեր ամսվա 10-ից հետո կատարվել են հրապարակումներ, մինչդեռ՝ նշված չէ, թե որն է եղել վերջին հրապարակումը և ենթադրվում է, որ միակ ժամկետը հոկտեմբերի 10-ն է, ինչից հետո չորս ամսից ավել ժամանակ է անցել։ Վարույթն իրականացնող մարմինը ձերբակալման որոշման մեջ նշել է փախուստի կանխման հանգամանքը, մինչդեռ ենթադրյալ արարքը կատարելուց անցել է չորս ամիս և Արա Սաղաթելյանը որևէ տեղ չի փախել, ուստի, փաստաբանի դիտարկմամբ, փախուստը կանխելը ևս իրավաչափ համարվել չի կարող։ Բացի դա՝ նշված էր, որ իրերում հայտնաբերվել են ուղղակիորեն հանցանքի կատարման մասին վկայող տեղեկություններ, բայց նշված չէր, թե ինչ տեղեկությունների մասին է խոսքը։

«Արձանագրային ինչ-որ փաստեր էին նշվել, որոնք որևէ փաստական տվյալներով հիմնավորված չէին»,- նշել է նա։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Արա Սաղաթելյանը հերքել է իր առնչությունը օգտատիրոջ, կասկածանքի էությունը կազմող տեղեկությունների հետ, հրաժարվել է ցուցմունք տալուց, բայց այդտեղ ցուցմունք տալու բան էլ չկար, որովհետև որևէ տեղեկություն չուներ։ Ենոքյանը նշեց, որ անգամ ձերբակալման արձանագրությունից պարզ չէ, թե ինչ փաստական տվյալների վրա է այդպես համարվում, քննիչի որոշման հիման վրա խուզարկություններ է կատարվում։

«Նման անհասկանալի բաներ են կատարվում, միայն դատարանի վրա կարող ենք ապավինել։ Այս գործելաոճը դարձել է պրակտիկա»,- նշել է պաշտպանը։

Անդրադառնալով քննիչի որոշման հիման վրա կատարվող խուզարկությանը՝ պաշտպանը նշել է, որ պետք է քննիչի որոշման անթույլատրելիությունը հաստատվի, ապա վիճարկվի ձեռքբերված ապացույցների թույլատրելիությունը, սակայն այս պահին առաջնային է Արա Սաղաթելյանի ազատության հարցը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ ծառայողները երեկ խուզարկություն են իրականացրել վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահնանադրագետ Գոհար Մելոյանի և քաղաքացի Մհեր Ավագյանի բնակարանները, աշխատասենյակները, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը և Մհեր Ավագյանը ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի, 226.2-րդ հոդվածով և 307.4-րդ հոդվածով՝ բռնության կոչեր, ազգային մոլեռանդություն տարածելու և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության շրջանառության կանոնները խախտելու կասկածանքով։