ՊՆ-ին ուղղեք հարցը. Ռուբեն Ռուբինյանը՝ 600 դոլարով զրահաբաճկոններ գնելու մասին

Այն, որ իշխանությունը չենք ստացել Սերժ Սարգսյանից, ճիշտ է, բայց Կարեն Կարապետյանից էլ չենք ստացել: Այս մասին Tert.am-ի փոխանցմամբ Առաջին ալիքի եթերում հարցազրույցի ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Սերժ Սարգսյանն իրենց իշխանություն չի փոխանցել, փոխանցողը եղել է Կարեն Կարապետյանը, արդյո՞ք նրանք տեղյակ են եղել այդ մասին:

«Առաջին մասով ճիշտ է, որովհետև հիրավի, ինքը մեզ իշխանություն չի փոխանցել, ինքն իշխանությունը փոխանցել է դրա տիրոջը՝ ժողովրդին, ժողովուրդն էլ հետագայում Նիկոլ Փաշինյանին ընտրել է վարչապետ: Մինչև այդ էլ Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովն էր ընտրել որպես վարչապետ՝ ժողովրդի պահանջով: Այսինքն իր հրաժարականի պահին Սերժ Սարգսյանն իշխանություն չուներ, նա ընդամենը ապրիլի 23-ին թղթի վրա արձանագրել էր իրողությունը»,- ասաց պատգամավորը:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցի ժամանակ ասել է, որ 3 ժողովուրդների համար ընդունելի լուծման ցնդաբանությունը բերեց պատերազմի, պատգամավորն ասաց, որ նախկին իշխանությունն իրենց մեղադրում է մի բանում, ինչն իրենք պատրաստվում էին անել:

«Կարծում եմ, Սերժ Սարգսյանն ու իր թիմը ի վերջո պետք է կողմնորոշվեն, թե ի վերջո մեզ ինչի մեջ են մեղադրում: Կառուցողական լինելո՞ւ, թե ապակառուցողական լինելու, տարածք զիջելո՞ւ, թե չզիջելու: Երբ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կիրթ մարդու տպավորություն է թողել, որ հակամարտության ուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, դրա համար մեղադրում էին Նիկոլ Փաշինյանին, ասում էին՝ ինչպես կարելի է այսպիսի բան ասել, մոտեցնում եք պատերազմը: Այսինքն իրենք իրոք կարծում են, որ պատերազմները կարող են լինել արտահայտությունների համա՞ր»,- ասաց պատգամավորը:

Անդրադառնալով բանակի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարոյունների՝ Պետրոս Ղազարյանը նշեց՝ ասվում է, որ ԱԹՍ-ներ չգնեցինք, գեներալներին վարկաբեկեցիք և բանակի զարգացումն այլ հունով տարաք, Ռուբինյանը պատասխանեց. «Որ ասում են 1000 ԱԹՍ պետք է ձեռք բերվեր 2018-2020 թթ-ին, որքանով ես տեղյակ եմ, պլանում, որը չի փոխվել, նման բան չկա,- ասաց Ռուբինյանը և հարցին՝ ինչո՞ւ եք այդքան թանկ զրահաբաճկոններ ձեռք բերել, Ռուբինյանն ասաց,- Կարծում եմ՝ ՊՆ-ին պիտի ուղղեք այդ հարցը, բայց գիտեմ, որ պատերազմի օրերին զրահաբաճկոններ ձեռք բերելու հարցը բավականին շտապ էր»: