Արցախի ԱԺ խմբակցությունները հանդիպել են ԱՀ գլխավոր դատախազի թեկնածուի հետ

Փետրվարի 10-ին հրավիրվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Միասնական հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների  նիստեր: Խմբակցությունները հանդիպել են գլխավոր դատախազի թեկնածու Գուրգեն Ներսիսյանին և քննարկել նրա թեկնածության հարցը:

Գլխավոր դատախազի պաշտոնի համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օրեր առաջ Ազգային ժողովի քննարկմանն է առաջարկել Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը:

Հանդիպումների ընթացքում Գուրգեն Ներսիսյանը ներկայացրել է դատախազի պաշտոնում ընտրվելու դեպքում իր ծրագրերն ու առաջիկա քայլերը, շեշտվել է դատախուզության աշխատանքների անկախության,անկողմնակալության ապահովումը: Անդրադարձ է կատարվել հետպատերազմյան իրողություններում դատախազության գործառույթներին, մասնավորապես ռազմական հանցագործությունների վերհանման ուղղությամբ փաստահավաք գործունեությանը:

Կարևորվել է խորհրդարանի հետ փոխգործակցությունը, ինչպես օրենսդրական բարեփոխումների, այնպես էլ՝ համակարգում առկա խնդիրների վերհանման առումով:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ գլխավոր դատախազի թեկնածուն անդրադարձել է համակարգի աշխատանքների կարգավորման և բարելավման ուղղություններին,տեսլականին:

2021թվականի փետրվարի 11-ին՝ ժամը 11:00-ին կգումարվի Ազգային ժողովի լիագումար նիստ և քննարկման կդրվի նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի ընտրության մասին հարցը: