Ադրբեջանցիներն արգելել են հայ ուխտավորների և հոգևորականների մուտքը Դադիվանք

Ադրբեջանցիներն արգելել են հայ ուխտավորների և հոգևորականների մուտքը Դադիվանք: Այս մասին տեղեկությունը հայտնել է «Ազատ Արցախ» պարբերականը:

Համաձայն պայմանավորվածության` փետրվարի 7-ի կիրակի օրը, ժամը 8.00-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ուխտավորների հերթական խումբը ՌԴ խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ ճանապարհվեց դեպի Դադիվանք։ Խմբին միացել են նաև հոգևորականներ, ովքեր պետք է հերթափոխեին համալիրում ծառայություն մատուցող հոգևոր դասի ներկայացուցիչներին։ Ուխտավորներն էլ Դադիվանք պետք է հասցնեին նաև Ստեփանակերտի Ս. Հակոբ եկեղեցում օծված «Դժոխքի ավերումը» սրբապատկերը, որը Երևանից ուղարկել էր հեղինակը՝ նկարչուհի Ժաննա Խլղաթյանը։ Ի դեպ, նկարչուհին կտավը նախատեսել էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու համար, բայց հայտնի իրադարձություններից հետո նա խնդրեց, որ կտավը հասցնեն Դադիվանք։ Երկար ճա֊նապարհ կտրելուց հետո ուխտավորների խումբը մոտեցավ վանական համալիրի տարածքին մոտ տեղակայված ադրբեջանական անցակետին։ Ըստ նախնական պայմանավորվածության, խումբը պիտի մտներ Դադիվանք, սակայն ադրբեջանցիները հոխորտալով արգելեցին՝ պատճառաբանելով, թե իրենք տեղեկացված չեն խմբի մասին։ ՌԴ խաղաղապահ ուժերը և ուխտավորների խմբի պատասխանատուն բազմիցս պարզաբանեցին, որ ամեն ինչ հստակեցված է, և բոլորն էլ տեղեկացված են, սակայն ադրբեջանցիներն անդրդվելի էին։ Վերջիններս ստիպեցին, որ ուխտավորների խումբը վերադառնա Գետավան և սպասի ճշտումների։ Երեք ժամ սպասելուց ու կրկին ճշգրտումներ անելուց հետո, ռուս խաղաղապահները խումբը նորից ուղեկցեցին դեպի Դադիվանք, սակայն այնտեղ ևս երկար սպասել տալով, ադրբեջանցիները չհամաձայնեցին բացել ճանապարհը` պատճառաբանելով, որ իրենք հրաման են ստացել արգելել ոչ միայն ուխտավորների, այլև հերթապահության եկած հոգևորականների մուտքը սրբավայր։ Երկար քաշքշուկներից հետո, խումբը երեկոյան ստիպված վերադարձավ Ստեփանակերտ։ Ուխտավորները խնդրեցին ՌԴ խաղաղապահ ուժերին գոնե սրբապատկերը հասցնել Դադիվանք։ Արցախի թեմի պատասխանատուները մտադիր են խնդիրը հասցնել համապատասխան ատյանների։

Ի՞նչ նոր հրաման ու պայմանավորվածություն ունեն ադրբեջանցիները Դադիվանքի հետ կապված, որի մասին տեղյակ չեն ՌԴ խաղաղապահ ուժերը, կամ` արդյո՞ք սա հերթական սադրանք էր. ժամանակը ցույց կտա։