Պետական ամառանոցները՝ պետության պաշտպաններին
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանի հայտարարությունը
Ունենք առնվազն հինգ հազար զոհ, ունենք տարբեր հաշվարկներով 10 հազարից ավելի վիրավորներ, որոնք երկարատև և բարձրակարգ բուժօգնության կարիք ունեն:
Ունենք հազարավոր զինվորներ, զինվորականներ, որոնք հոգեբանական երկարատև աջակցության կարիք ունեն:
Հայաստանում պատերազմի հետևանքով ձևավորվել է նոր սոցիալական շերտ, որն ունի մեր բոլորի՝ պետության երկարատև աջակցության կարիքը։
Պետական ամառանոցները՝ պետության պաշտպաններին
Մենք ունենք մեկ տասնյակից ավելի շինություններից և մի քանի հեկտար անտառապատ տարածքից բաղկացած ամառանոցային համալիր, որն զբաղեցնում է ընդամենը երկու ընտանիք:
Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը իր մեջ ներառում է 9 շքեղ առանձնատուն և դրանց համար նախատեսված շինություններ: Զբաղեցնում է բավական մեծ տարածք, գտնվելով քաղաքի ամենագեղատեսիլ հատվածում: Այս տարածքը լավագույնն է յուրօրինակ բժշկական ավան դառնալու մեր զինվորականների, նրանց ընտանիքի անդամների համար:
Այս հսկայական տարածքում ապրում է ընդամենը 2 ընտանիք։ Մեր տղերքը մեզ բոլորիս պաշտպանում էին թշնամուց, իսկ այդ երկու ընտանիքը ումի՞ց է պաշտպանվում։
Պետական ամառանոցները պետք է վերածվեն միջազգային ամենաբարձր մակարդակի վերականգնողական կենտրոնի: Այնտեղ պետք է ամենաբարձր մակարդակի բուժօգնություն ստանան մեր զինվորները, նրանց ընտանիքի անդամները: Այնտեղ պետք է հոգեբանական լուրջ աջակցություն ստանան զինծառայողները, զոհված զինվորների ծնողները:
Կոչ եմ անում հասարակական կոզմակերպություններին, քաղաքական ուժերին, իրավապաշտպան կազմակերպություններին, արվեստի գործիչներին, բժիշկներին, մեր զոհված և վիրավորված, հրաշքով ողջ մնացած 18-20 տարեկան զինվորների ուսուցիչներին, գիտնականներին, ՀՀ բոլոր քաղաքացիներին միանալ այս կոչին՝ հրապարակային սատարելով այս նախաձեռնությանը:
Գեղամ Նազարյան