Իրանը տենդագին պատրաստվում է ռազմական առճակատման հյուսիս-արևմտյան սահմանին

Մեծ ուշացումով, բայց շատ տենդագին Իրանը պատրաստվում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ որոշակի հակառակորդի (արտաքին թշնամու) հետ առճակատման: Փետրվարի 1-ին Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իրանի հյուսիս-արևմուտքում բացել են նոր հարվածային գործողությունների կենտրոն՝ (SOC) համատեղ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) գործողությունների համար, ռազմական հակառակորդի (պարզ է, թե որ մեկի…) հնարավոր սպառնալիքների դեմ: SOC-ը բացվել է Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացվող միջոցառմանը, որի արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ին, որին ներկա էր «Խաթամ ​​ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության հենակետի հրամանատար, բրիգադի գեներալ Քադեր Ռահիմզոդան, հաղորդում է Fars News գործակալությունը:

Ելույթ ունենալով արարողությանը՝ գեներալ Ռահիմզոդան ասել է, որ թշնամիները չեն կարողանա հարված հասցնել Իսլամական հեղափոխությանը և Իսլամական հանրապետությանը այնպես, ինչպես ձախողվել են վերջին չորս տասնամյակների փորձերը: «Այսօր բանակի և ԻՀՊԿ ուժերի միասնությունն ու համակրանքը շատ ավելի մեծ է, քան երբևէ, և մենք ականատես ենք լինում հակաօդային պաշտպանության ինտեգրված ցանցի լավ դասավորված կառուցվածքին՝ պաշտպանելու Իրանի իսլամական երկինքը»,- հավելել է նա:

Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ իրանական բանակն ու ԻՀՊԿ-ն անցած տարվա հոկտեմբերին համատեղ ռազմաօդային զորախաղեր էին անցկացրել՝ Modafe’an-e Aseman-e Velayat 99 (Վելայաթ 99 երկնքի պահապանները) ծածկագրով: Իսկ դեռ 2020-ի ամռանը նույն հյուսիս-արևմտյան ուղղությամբ Իրանի զինված ուժերը և ԻՀՊԿ-ը բացել են նոր ռազմաբազա: Կարծում ենք՝ պատահական չէ, որ նույն օրը (փետրվարի 1-ին) Իրանը հաջողությամբ գործարկել է «Zol-Jannah» համակցված տիեզերական հրթիռակիրը, որը հագեցած էր երկրի ամենահզոր կոշտ վառելիքային շարժիչով: Պաշտպանության նախարարության տիեզերական ստորաբաժանման խոսնակ Ահմադ Հոսեյնին հայտարարել է, որ Իրանը գործարկել է «Zol-Jannah» արբանյակային եռաստիճան կրիչը, հաղորդում է Mehr News գործակալությունը: Նա նաև պատմել է, որ հրթիռակիրն ունի երկու պինդ վառելիքային և մեկ հեղուկ վառելիքային աստիճան՝ հավելելով, որ այն ունակ է 500 կմ բարձրության վրա ուղեծիր դուրս բերել մինչև 220 կգ քաշ ունեցող արբանյակներ: Ինչպես ընդգծել է գործակալության զրուցակիցը, հրթիռակիրը հագեցած է երկրի ամենահզոր կոշտ վառելիքային շարժիչով` ավելի քան 750 տոննա մղումով, ինչը տիեզերական այս փորձի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է: Հոսեյնիի խոսքերով՝ հրթիռակիրը կարող է օգտագործվել շարժվող հարթակներում և նախատեսված է ծախսերը կրճատելու համար՝ նշելով, որ հետազոտական ​​փորձարկումներ կատարելուց հետո այն կկարողանա աշխատանքային արբանյակները մտցնել ուղեծիր:

Կրկին անգամ Հայաստանի, ինչպես նաև ցանկացած այլ երկրի քաղաքացիների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստի վրա, որ Իրանի հյուսիս-արևմտյան սահմանները Թուրքիայի, Նախիջևանի և Հայաստանի հետ սահմաններն են: Անգամ 2020 թվականի նոյեմբերի 9-ից առաջ մենք կգրեինք` նաև Արցախի անկախ Հանրապետության հետ: Սակայն այսօր Արցախն այլևս սահմանակից չէ Իրանին. այս ուղղությամբ Իրանի հետ սահմանին կանգնած են Թուրքիայի, կովկասյան թաթարների զորքերը և… ահաբեկչական խմբավորումները Սիրիայից, որոնց այստեղ է տեղափոխել Թուրքիան:

Սերգեյ Շաքարյանց