Երեք օրում օդային ուղիներով Հայաստանից մեկնել է 3900 մարդ. Մհեր Գրիգորյան

«Ես տեսա որ ահազանգեր կան, բայց «Ճամփորդիր առանց Covid-19»-ի ծրագիրը հաջողությամբ մեկնարկել և գործարկել ենք։ Ես այսօր վիճակագրությունը խնդրեցի և պարզվեց, որ ընդամենը 7 քաղաքացու դեպքում է, որ մեկնելու խոչընդոտ է առաջացել»,- կառավարության նիստում հայտնել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հավաստիացրեց, որ նաև Հայաստան եկողների մեծ թիվ կա, որը համարեց կարևոր տնտեսական գործոն։

Փաշինյանի հորդորով անդրադառնալով  խնդրին՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ «Ճամփորդիր առանց Covid-19»-ի հավելվածով ճամփորդելու մոդելը մեկամսյա փորձնական ծրագիր է համարվում, բայց այդ մեկ ամսվա խնդիրը դուրս է եկել և փետրվարի 15-ից օրական լինելու է 4 կանոնավոր չվերթ։

«Այս երեք օրվա ընթացքում օդային ուղիներով Հայաստանից մեկնել է 3900 մարդ, Հայաստան է եկել 3400 մարդ։ Հայկական անձնագրով մեկնածների թիվը 1423 է, իսկ հայկական անձնագրերով Հայաստան ժամանածների թիվը՝ 1263։ Ըստ էության հավելվածը լիարժեք աշխատում է»,-ասաց փոխվարչապետը։ Փոխվարչապետը փաստորեն հերքեց վարչապետի խոսքը, թե ՀՀ քաղաքացիներն ավելի շատ վերադարձել են, քան մեկնել: