Հրապարակվել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքները

Միջազգային բժշկական The Lancet շաբաթաթերթը հրապարակել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամը:

Հիմնադրամի հաղորդագրության մեջ նշվում է, որ շաբաթաթերթը հաստատել է պատվաստանյութի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը հրապարակումը մեծ իրադարձություն է անվանել կորոնավիրուսի դեմ պայքարում:

«The Lancet-ի հրապարակած տվյալներն ապացուցում են, որ «Սպուտնիկ V»-ը ոչ միայն աշխարհում առաջին գրանցված պատվաստանյութն է, այլև լավագույններից մեկը: Ըստ հրապարակված տվյալների՝ այն ամբողջովին պաշտպանում է հիվանդության ծանր դեպքերից»,- նշել է մասնագետը:

Նրա խոսքով՝ ողջ աշխարհում միայն 3 պատվաստանյութ են 90 տոկոսից բարձր արդյունավետություն ցույց տալիս: Դրանցից մեկը «Սպուտնիկ V»-ն է:

ՌԴ առողջապահության նախարարությունը «Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցել է 2020 թվականի օգոստոսին: Այն արդեն գրանցել են 16 երկրներում՝ Բելառուսում, Սերբիայում, Արգենտինայում, Բոլիվիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, ԱՄԷ-ում, Իրանում, Գվինեայում, Թունիսում և Հայաստանում: