Ոստիկանությունից հայտնում են` հարուցվել է քրեական գործ

Կաթողիկոսին, պատարագը սկսելիս, եկեղեցուց տկլոր դուրս շպրտելու, փիլոնազրկելու գործով…

 

Մի խումբ ստահակներ, որոնց մեջ քիչ չէին նիկոլականները, տարեմուտից առաջ մտադիր էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագի սկսման ժամանակ ֆիզիկական բռնություն գործադրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այլ հոգևորականների, Մայր Աթոռի սպասավորների նկատմամբ, մասնավորապես, մերկացնել Կաթողիկոսին ու նրան դուրս շպրտել եկեղեցուց, փիլոնազրկել:

Դեռ այն ժամանակ LIVEnews.am կայքում հանդես եկա կատարված ու նախապատրաստվող հանցագործության մասին հրապարակային հաղորդմամբ: Կատարված առերևույթ հանցագործության փաստը` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բազմաթիվ անձանց կողմից Կաթողիկոսի և այլոց նկատմամբ բռնության հրապարակային կոչն առկա էր, պատշաճ կերպով արձանագրված և անժխտելի:

Հանցագործության մասին վերոնշյալ հաղորդումը, որն ուղղված էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին, դեկտեմբերի 24-ին հրապարակվեց նաև «Իրատես» թերթում :

«Արդեն մի քանի օր է, ինչ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բազմաթիվ անձինք ս. թ. դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախապատրաստվող հանցագործության` Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռի միաբանության հոգևորականների, Մայր Աթոռի սպասավորների դեմ բռնության կոչեր են հրապարակում,- նշված էր վերոնշյալ հաղորդման մեջ:- Անչափ զարմանալի է, որ Ձեր ղեկավարած պետական մարմինները չեն նկատում բռնության վերոնշյալ կոչերը, կամ եթե նկատում են, չեն ձերբակալում առերևույթ հանցագործության հեղինակներին, նույնիսկ հանդես չեն գալիս նախապատրաստվող հանցագործությունը կանխելուն նպատակաուղղված նախազգուշացնող հայտարարությամբ:

Եթե տեղյակ եք բռնության վերոնշյալ կոչերին, բայց չեք ձեռնարկում ՀՀ օրենսդրությունից բխող համապատասխան միջոցառուներ, մնում է արձանագրել, որ ոչ թե օրենքի, իրավակարգի պահապաններն եք, մեր ազգային անվտանգությունն ապահովողները, այլ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող պետական դավաճան Նիկոլ Փաշինյանի, նրա ղեկավարած ՀՀ ներկայիս իշխանության քաղաքական կամակատարը, առաջնորդվում եք երկակի ստանդարտներով: Այդ դեպքում Մայր Աթոռում Կաթողիկոսի և այլոց նկատմամբ բռնությունը ոչ միայն բառերով, զգուշացմամբ, այլև ֆիզիկապես կանխելուն նպատակաուղղված իմ և այլոց կողմից կատարվելիք քայլերի կանխատեսելի և անկանխատեսելի բոլոր հետևանքների պատասխանատվությունը լիարժեքորեն կրելու եք դուք, ձեր ղեկավարած իրավապահ մարմինները, ինչպես նաև ՀՀ ներկայիս ղեկավարությունը` վարչապետի պաշտոնը զբաղեցնող պետական դավաճանով հանդերձ: Դուք բոլորդ ժամանակին զգուշացվել եք»:

Ընդգծեմ, որ մի խումբ անձանց կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, համացանցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ վիրավորանքներով, նրա և այլոց հանդեպ բռնության հրապարակային կոչերով գրառումները հայտնվեցին Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա տեր Պարգև Զեյնալյանի կողմից Նիկոլ Փաշինյանի` բարևի համար մեկնած ձեռքն օդում թողնելուց, նրան իր ձեռքով եկեղեցու դուռը ցույց տալուց և նզովքից կամ շշպռոցից («Սպասիր Աստծո դատաստանին») ամիջապես հետո, ինչը պատահական չէր և թերևս հուշում էր, որ հակակաթողիկոսական այդ շարժումը` բռնություն գործելու բացահայտ նպատակադրմամբ ու կոչերով, ունի ինչ-որ վերին ուղղորդում:

Նկատի ունենալով հենց վերոնշյալը և ԶԼՄ-ներում հանցագործության մասին հաղորդումների նկատմամբ վերոնշյալ իրավապահ մարմինների հիմնականում օրինախախտ և անտարբեր, ավելի ճիշտ, խիստ ընտրողական, խտրական վերաբերմունքը (երբ իրենց կամ երկրի ղեկավարությանը պետք է լինում, ցանկանում են, քրեական գործ են հարուցում, երբ չեն ցանկանում հարուցել, չտեսնելու են տալիս ու լռության մատնում), ինչպես նաև Կաթողիկոսի և այլոց նկատմամբ բռնության վտանգի միանգամայն իրական լինելը, որոշեցի չբավարարվել ԶԼՄ-ներում հանցագործության մասին հաղորդումներով, որոնք, ի դեպ, հասցեատեր բոլոր իրավապահ մարմինների կողմից մնացին անարձագանք:

Հունվարի 25-ին գրավոր համապատասխան հաղորդումներ ներկայացրեցի ՀՀ ԱԱԾ տնօրենին, ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին: Կատարված ու նախապատրաստվող հանցագործության մասին որոշակի նկատառումներով նույն օրը համապատասխան հաղորդում ներկայացրեցի նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում:

Եվ, ահա, մոտ մեկ ամիս հետո` հունվարի 22-ին, Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Պապյանից 12.01.2021թ. թիվ 111327 ուղեկցող գրությամբ բավական ուշացումով ստացա Կենտրոնական բաժնի ավագ հետաքննիչ, ոստիկանության մայոր Ա. Տիգրանյանի դեռ 08.01.2021թ. որոշումը «Քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին»: Որոշման մեջ մասնավորապես նշված է.

«Նկատի ունենալով, որ առկա է քր. գործ հարուցելու օրինական առիթ, ՀՀ քր. օրի 226.2 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, ուստի ղեկավարվելով ՀՀ քր. դատ. օր-ի 27, 57, 175-176, 180-182 և 187 հոդվածների պահանջներով`

ՈՐՈՇԵՑԻ

1.Արթուր Հենրիկի Հովհաննիսյանի հաղորդման առթիվ նախապատրաստված ՀՀ քր. օրի 226.2 հոդվածի 1-ին մասով հարուցել թիվ 13153121 քր. գործը և ընդունել վարույթ:

2.Որոշման մասին հայտնել հաղորդում տված անձին:

3.Քր. գործ հարուցելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազին»:

Ինչպես արդեն նշել ենք, սոցիալական ցանցերում Կաթողիկոսին եկեղեցուց մերկ դուրս շպրտելու հրապարակային կոչով հանդես եկողներից առնվազն մեկը պետական պաշտոնյա է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը, որը ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է:

Մենք ուշադիր կհետևենք Կաթողիկոսին պատարագը սկսելիս եկեղեցուց տկլոր դուրս շպրտելու, փիլոնազրկելու` բռնության հրապարակային կոչերի փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության և հետագա ընթացքին:

 

Արթուր Հովհաննիսյան