Հաղորդում նախապատրաստվող հանցագործության մասին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին

 

Արդեն մի քանի օր է, ինչ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բազմաթիվ անձինք ս. թ. դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախապատրաստվող հանցագործության` Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռի միաբանության հոգևորականների, Մայր Աթոռի սպասավորների դեմ բռնության կոչեր են հրապարակում: Անչափ զարմանալի է, որ Ձեր ղեկավարած պետական մարմինները չեն նկատում բռնության վերոնշյալ կոչերը, կամ եթե նկատում են, չեն ձերբակալում առերևույթ հանցագործության հեղինակներին, նույնիսկ հանդես չեն գալիս նախապատրաստվող հանցագործությունը կանխելուն նպատակաուղղված նախազգուշացնող հայտարարությամբ:

Եթե տեղյակ եք բռնության վերոնշյալ կոչերին, բայց չեք ձեռնարկում ՀՀ օրենսդրությունից բխող համապատասխան միջոցառուներ, մնում է արձանագրել, որ ոչ թե օրենքի, իրավակարգի պահապաններն եք, մեր ազգային անվտանգությունն ապահովողները, այլ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող պետական դավաճան Նիկոլ Փաշինյանի, նրա ղեկավարած ՀՀ ներկայիս իշխանության քաղաքական կամակատարը, առաջնորդվում եք երկակի ստանդարտներով: Այդ դեպքում Մայր Աթոռում Կաթողիկոսի և այլոց նկատմամբ բռնությունը ոչ միայն բառերով, զգուշացմամբ, այլև ֆիզիկապես կանխելուն նպատակաուղղված իմ և այլոց կողմից կատարվելիք քայլերի կանխատեսելի և անկանխատեսելի բոլոր հետևանքների պատասխանատվությունը լիարժեքորեն կրելու եք դուք, ձեր ղեկավարած իրավապահ մարմինները, ինչպես նաև ՀՀ ներկայիս ղեկավարությունը` վարչապետի պաշտոնը զբաղեցնող պետական դավաճանով հանդերձ: Դուք բոլորդ ժամանակին զգուշացվել եք:

Որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 2020թ. դեկտեմբերի 27-ին նախապատրաստվող հանցագործության մասին հաղորդում, հայտնում եմ ձեզ, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից «Armenian page» (@ArmenianPageGroup) անվամբ հանդես եկող «Անձնական Բլոգ»-ի (ֆեյսբուքյան https://www.facebook.com/ArmenianPageGroup  էջի) հեղինակը կամ վարողը 2020թ. դեկտեմբերի 21-ին նույն էջում հանդես է եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ու նրան սատարող հոգևորականների, Մայր Աթոռի սպասավորների հանդեպ բռնության հրապարակային ու խիստ վտանգավոր կոչով:

Ընդգծում եմ` հոգևորականների, Մայր Աթոռի սպասավորների, քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրեն աջակից մաֆիոզներ չունի (բռնության հրապարակային կոչում «մաֆիոզներ» բառն է օգտագործված): Նշվածը փաստվում է նաև բռնության հրապարակային կոչի վերջում կատարված հետգրությամբ` «համակարգում ենք էնպես, որ Աստծո տան իրական ու մաքուր սպասավորները չտուժեն», ինչը նշանակում է, որ տուժողները, բոլոր դեպքերում, լինելու են Աստծո տան սպասավորներ, ուղղակի իրենց զրպարտչական գնահատմամբ` ոչ իրական և անմաքուր, մաֆիոզ:

Ստորև նույնությամբ ներկայացնում եմ վերոնշյալ ֆեյսբուքյան էջում «Armenian page» (@ArmenianPageGroup)-ի կատարած բռնության հրապարակային կոչը .

«ՏԱՐԱԾԵԼ  ԲՈԼՈՐԸ  ԻՄԱՆԱՆ

Դեկտեմբերի 27_ին՝ կիրակի օրը

12_ին Մայր աթոռի բակում։

Պատարագի սկսելուց պիտի մտնենք տկլոր շպրտենք դուրս։

հավաքվում ենք Հհ տարածքի բոլոր մարզերից և Երևանից Մայր աթոռի տարածքում  ու  բեթմեն գարեգինին փիլոնազրկում ենք իր բոլոր մաֆիոզների հետ հանդերձ՝ դուրս ենք շպրտում գլխավոր մաֆիոզին Մայր աթոռից։ Նոր տարին առանց բեթմենների։

#Համահայկան_փիլոնազրկում_2020

Հ.գ. համակարգում ենք էնպես, որ Աստծո տան իրական ու մաքուր սպասավորները չտուժեն։

Հ.գ.գ. Աստծո կրակ, դժոխք_բան չգրեք՝ Քրիստոսն էլ ա բեթմեններին լարել իրա Հոր տնից»։

Ոչ միայն Գարեգին Բ-ի նկատմամբ նախապատրաստվողը` դուրս ենք շպրտում Մայր աթոռից, այլև «Պատարագի սկսելուց պիտի մտնենք տկլոր շպրտենք դուրս», «համակարգում ենք էնպես, որ Աստծո տան իրական ու մաքուր սպասավորները չտուժեն» գրառումները վկայում են, որ խոսքն ակնհայտորեն ոչ թե Կաթողիկոսի հրաժարականի պահանջով զանգվածային ինչ-որ միջոցառման կազմակերպման, այլ նախապատրաստվող հանցագործության` Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այլոց նկատմամբ բռնության, պատարագից առաջ Կաթողիկոսին եկեղեցուց մերկ դուրս շպրտելու, նվաստացնելու, ինչպես նաև այլոց հանդեպ որոշակի բռնարարքների մասին է, որոնց արդյունքում, ինչպես վերևում արդեն նշեցի, լինելու են տուժողներ:

Սոցիալական ցանցերում բռնության նույն հրապարակային կոչը տարածել են նաև Պավել Ցուգունյանը, Վաչե Վանյանը, «ՀՀ Կառավարության Աջակից» հանդես եկող Արսեն Մկրտչյանը, Լիլիթ Դավթյանը, Անիկ Ոսկանյանը և բազմաթիվ այլ անձինք: Նրանցից Պավել Ցուգանյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենն է: Այս կապակցությամբ քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ, «Ոսկանապատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում 22.12.2020թ. գրել է.

«‼️ ՀՐԱՏԱՊ. Իշխանությունը հարձակում է պատրաստում եկեղեցու դեմ

Հայաստանի իշխանությունը կիրակի օրը հարձակում է նախապատրաստում Մայր Աթոռի և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ:

Եկեղեցու դեմ հարձակումն իրականացվում է Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով: Ներգրավված են նաև աղանդավորականներ:

Այս պահին եկեղեցու դեմ հարձակման հայտարարությունը տարածողները ոչ միայն իշխանական ֆեյքերն են, այլև պետական պաշտոնյաները, այդ թվում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը, որը Բնապահպանության և շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի Ռոմանոս Պետրոսյանը (մականունը՝ Պուպուլիկ) և Պավել Ցուգունյանը միասին ներգրավված էին «Կոտայք» ՋՕԸ-ում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալում:

https://t.me/mediaport2020/1961»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր գրառմանը կցել է բռնության հրապարակային կոչի լուսանկարը:

Տեղեկացնում եմ, որ բռնության վերոնշյալ հրապարակային կոչն իր ձևակերպումներով միաժամանակ վիրավորել է իմ և բազմաթիվ քրիստոնյա հավատացյալների կրոնական զգացմունքները, որոնք պատրաստ են նույն օրն ու նույն ժամին լինել Մայր Աթոռում, ոչ միայն բարոյապես, այլև, հարկ եղած դեպքում, ֆիզիկապես պաշտպանել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Մայր Աթոռի հոգևորականներին, սպասավորներին, եթե վերոնշյալ կամ այլ անձինք համարձակվեն ձեռք բարձրացնել նրանց նկատմամբ:

Խնդրում և պահանջում եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանվախ կարգով ԶԼՄ-ում հրապարակված հանցագործության մասին սույն հաղորդման հիման վրա անհապաղ նախապատրաստել համապատասխան նյութեր, բռնության հրապարակային կոչի` առերևույթ հանցագործության փաստի առթիվ հարուցել քրեական գործ, ձերբակալել տվյալ կոչով հանդես եկած բոլոր անձանց, համարել, որ ես, որպես հանցագործության մասին սույն հաղորդման հեղինակ, նախազգուշացված եմ սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333–րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին, ինչպես նաև ս. թ. դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռում նախապես ապահովել ոստիկանների, ոստիկանության ներքին զորքերի ծառայողների, անհրաժեշտության դեպքում նաև ԱԱԾ հատուկ ջոկատայինների բավարար քանակություն` քաղաքացիական բախումներ, սադրանք, արյունահեղություն թույլ չտալու համար:

Արթուր Հովհաննիսյան