Մենք ուրախ ենք, որ ԱՄՆ-ն մնաց ԱՀԿ-ում. ԱՀԿ ղեկավար

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին կազմակերպություն վերադառնալու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Այսօր լավ օր է ԱՀԿ-ի և համաշխարհային առողջապահության համար: Միացյալ Նահանգների գլոբալ դերը կարևոր է: Եվ ես ողջունում և շնորհավորում եմ նախագահ Բայդենին, փոխնախագահ Հարիսին և Միացյալ Նահանգների ժողովրդին»,-ասել է կազմակերպության ղեկավարը՝ ելույթ ունենալով հինգշաբթի ԱՀԿ գործկոմի 148-րդ նստաշրջանին:

Նա շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ ԱՀԿ վերադառնալու և COVAX ծրագրին միանալու պատրաստակամության համար, որը կարգավորում է պատվաստանյութերի հավասար հասանելիությունը և բաշխումը երկրների միջև, ինչպես նաև ACT ծրագրին միանալու պատրաստակամության համար, որը պատասխանատու է COVID-19-ի դեմ նոր պատվաստանյութեր և թերապևտիկ դեղամիջոցներ ստեղծելուն ուղղված ջանքերի միավորման համար:

«ԱՀԿ-ն ազգերի ընտանիք է: Եվ մենք ուրախ ենք, որ ԱՄՆ-ն մնաց այդ ընտանիքում»,-ընդգծել է ԱՀԿ ղեկավարը: