Լեռնային Ղարաբաղ. ԵՄ-ն պատրաստվում է իր ձեռքը վերցնել խաղաղության նախաձեռնությունը. Regnum

«Ռեգնում» լրատվական գործակալությունը հրապարակել է կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովի նոր հոդվածը, որը վերաբերում է Եվրամիության, ԱՄՆ-ի, Ռուսատանի և Թուրքիայի մասնակցությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Ստորև ներկայացնում ենք հեղինակի հոդվածը.

«Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո, որի ժամանակ դիտարկվեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթացը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ըստ Կրեմլի մամուլի ծառայության, Պուտինն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է բանակցությունների հիմնական արդյունքների մասին՝ նշելով, որ «Ադրբեջանը և Հայաստանը վերահաստատում են հարաբերությունների կարգավորման իրենց տրամադրվածությունը, խաղաղ կյանքի հաստատման գործում գործնական համագործակցության պատրաստակամությունը և տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը»: Ընդգծվել է նաև, որ «հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը, հնարավոր էր համաձայնության գալ այս ուղղությամբ մի շարք կարևոր քայլերի շուրջ»:

Իր հերթին, Էրդողանը «աջակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ջանքերին, հանդես է եկել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը շարունակելու օգտին` ներառյալ տարածաշրջանի տնտեսական զարգացման և փոխշահավետ նախագծերի խթանման շահերը»:

Հեղինակը նկատում է՝ ռուս-թուրքական երկխոսությունը ղարաբաղյան ուղղությամբ, որտեղ երկու երկրները հանդես էին գալիս որպես «սպարինգ-գործընկերներ», բնական է թվում: Բայց Թուրքիան ավելին կցանկանար. Ռուսաստանից զատ, այս հարցի շուրջ շփումներ սկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից մեկ ուրիշի հետ, ինչը տեղի է ունենում համանախագահող երկրների Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև: Սակայն, ինչպես Էրդողանն ասաց ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանը, «Թուրքիան չի ստացել իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղում ընթացող պայքարում», չնայած «ԵԱՀԿ Մինսկի խումբը 30 տարի անց չկարողացավ լուծել ԼՂ հիմնախնդիրը, բայց մեր աջակցությամբ 44 օրվա ընթացքում խնդիրը գտել է իր լուծումը»:

Այնուամենայնիվ, ԵՄ-ն իրավիճակին այլ կերպ է նայում: EUObserver հրատարակությունը դատապարտում է ղարաբաղյան հակամարտության նման հակամարտությունների կարգավորումը ուժային սցենարով, և կարծում է, որ առանց Էրդողանի ակտիվ աջակցության, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «դժվար թե համարձակվեր պատերազմ սկսել Հայաստանի դեմ»: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ԵՄ-ում պնդում են, որ «այն իմաստուն կերպով օգտվեց իրավիճակից և վերականգնեց իր ազդեցությունը Հարավային Կովկասում»՝ ընդգծելով «Արևմուտքի անզորությունը կամ նրա ազդեցության անկումը այս տարածաշրջանում»: Ավելին, ըստ Բրյուսելի, Ռուսաստանը, ի տարբերություն Թուրքիայի, պահպանել է եվրոպական ուղղությամբ մանևրելու հնարավորությունները՝ չհրաժարվելով Մինսկի խմբի գործունեությունը վերսկսելու հնարավորություններից: ԵՄ-ն իր համար վտանգ է տեսնում նաև այն փաստում, որ Թուրքիան կփորձի «Ղարաբաղյան փորձը» կիրառել ԵՄ անդամների՝ Հունաստանի և Կիպրոսի  նկատմամբ:

Ի՞նչ կկատարվի հաջորդիվ: Chatham House-ի Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով գիտաշխատող Լոուրենս Բրոերսն առաջարկում է իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն: Ըստ նրա, պետք է ելնել այն նախադրյալից, որ «չնայած Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի որոշ նպատակներ հնարավոր է իրագործվել են, ներառյալ հարակից յոթ շրջանների և փախստականների վերադարձը, Ռուսաստանի ներկայությունը կարող է երկարաժամկետ հեռանկարում խնդիր ստեղծել Ադրբեջանի իշխանությունների համար»: Այսինքն՝ աշխատել ապահովել, որ համաշխարհային հասարակական և քաղաքական գիտակցության մեջ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը «նման լինի Ադրբեջանի հողերի մի մասի բռնազավթման»: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ըստ գերմանացի փորձագետ Ռայնհարդ Ֆեզերի, «անհրաժեշտ է նկարել այնպիսի կտավ, որում Ռուսաստանը նման լիներ այնտեղի ժողովրդավարական փորձի տապալման մասնակիցներից մեկին», ինչը նշանակում է Երևանում Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման հեռանկար, որպեսզի ցույց տա, որ «չնայած պատերազմը Լեռնային Ղարաբաղում ավարտված է, Հայաստանն ու Ադրբեջանը շատ ավելի հեռու են հայտնվել իրական խաղաղությունից, քան սեպտեմբերյան սրացումից առաջ», և որ « Ռուսաստանը ոչ թե խաղաղության, այլ ուժի գործոն է»:

Ըստ Տարասովի՝ այս առումով խնդիրն է «ԵՄ-ն վերադարձնել հայ-ադրբեջանական հակամարտության լուծման շրջանակ», վարել դիվանագիտական մենամարտ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար, խնդիր ստեղծել ռուս խաղաղապահների տեղակայման և Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող թուրքական զինուժի մասնակցությամբ կենտրոնի համար, որպեսզի, ինչպես ամերիկյան Politico պարբերականն է գրում, «ժամանակ շահել ԵՄ-ի՝ տարածաշրջանում իր ռազմավարությունը վերանայելու, նախաձեռնությունն իր ձեռքն առնելու համար»: Այդ նպատակով ԵՄ-ը պետք է «ավելի քիչ կենտրոնանա տարածաշրջանի երկրներում իշխանություն հատատելու դիվանագիտական և տնտեսական միջոցների վրա»: Անհրաժեշտ է, որ կառույցը «սկսի նրանց հետ համագործակցություն զարգացնել ռազմական, հետախուզական և կիբերանվտանգության ոլորտներում»: Բայց առայժմ այս ամենը հիշեցնում է ծեծկռտուքից հետո բռունցքները թափահարելու իրավիճակը՝ ստեղծելով տարածաշրջանային նոր միջազգային ինտրիգ: Առանց Արևմուտքի Ղարաբաղի շուրջ խաղաղության պայմանավորվածությունները շարունակում են գործել՝ երկարաժամկետ և կայուն դառնալու բոլոր հնարավորություններով»:

Աղբյուրը՝ Tert.am