Հայտարարում ենք նոր քաղաքական ուժի հիմնադրման նախաձեռնության մասին. Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ նոր քաղաքական ուժի ձևավորման մասին:

«Սիրելի հայրենակիցներ,

մեր ժողովուրդն այսօր ապրում է ծանր փորձությունների հերթական մի նոր շրջան։ Ցավոք, այդպիսիք բազմաթիվ են եղել, արդյունքում հազարավոր մեր հայրենակիցներ հայրենազրկվել են ու դարձել պանդուխտ, և հայը կարծես դարձել է անցյալի հզորության և փառքի երազանքով ու հայրենիքի կարոտով ապրող ժողովուրդ։ Մեր ազգային վերելքի ու անկման պատճառները միշտ եղել են նույնը՝ սեփական ինքնությունից խռոված, միասնությունը պառակտած անկարող ենք եղել պաշտպանել ազգային արժանապատվությունը և հայրենիքը։

Ամեն անգամ ազգային ներքին քայքայումը և ճգնաժամը խորացրել են անկումը, կազմաքանդել հավատը սեփական ուժերի նկատմամբ, արժեզրկել ազգային պետականության ավանդույթները։

Վերջին պատերազմում անձնվիրաբար կռված զինվորները և հերոսացած նահատակները այսօր պարտավորեցնում են վերականգնել ազգային պատիվը, հայ ազգի ոգու և կամքի միասնությունը։

Այդ նշանակում է հանձնառություն նախաձեռնել համակարգային բարեփոխումներ, նոր պետականաշինության ծրագիր ու իրականացնել մինչև վերջ՝ վճռական հաստատակամությամբ։

Գլուխ խոնարհելով անցյալի մեր բոլոր հայրենատեր նահատակների հիշատակի առջև՝

մենք հայտարարում ենք նոր քաղաքական ուժի հիմնադրման նախաձեռնության մասին, որ պետք է փոխարինի վճռական գործողությունների անկարողունակ գործող կառավարությանը և վերականգնի մեր ժողովրդի ու պետության անառարկելի հեղինակությունը։

Նպատակը՝ միավորել ազգային բոլոր կենսունակ ուժերին յուրաքանչյուր հայի հետ ազնիվ և արդար ազգային պետության կառուցման գործում, որ կպաշտպանի մեր լեզուն, մշակույթը, հավատը, մեր ազատությունը, մեր պատիվը, մեր հայրենիքը, մեր բոլորի Հայաստան աշխարհը։

Կուսակցության հիմնադիր համագումարը նախանշված է մեզ համար խորհրդանշական օր՝ 2021 թվականի փետրվարի 21֊ին/ 21.02.2021 ՝ Մայրենի լեզվի օրը,- գրել է վերլուծաբանը։

Վաղվանից կսկսենք հրապարակել հիմնադիր և ծրագրային փասաթղթերը ու ձևավորել նախաձեռնող խումբ։

Պատիվ կհամարեմ գաղափարի ընկեր դառնալ յուրաքանչյուր հայրենատեր հայի։