Մադրիդում գրանցվել է անցած 76 տարիների ընթացքում ամենացածր ջերմաստիճանը

Մադրիդում լույս երեքշաբթի գիշերը գրանցվել է անցած 76 տարիների ընթացքում ամենացածր ջերմաստիճանը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով AEMET օդերևութաբանական գործակալության տվյալներին:

Նշվում է, որ անցած շաբաթվա վերջին Մադրիդում տեղի ունեցած և 1971-ի ռեկորդը գերազանցող տասնամյակների աննախադեպ ձյան տեղումից հետո քաղաքում սառնամանիք է: Գիշերը քաղաքի որոշ հատվածներում ջերմաստիճանն իջել է -10 աստիճանից էլ ցածր: Մասնավորապես, քաղաքի համալսարանական հատվածում գրանցվել է -10.3, իսկ «Բարախաս» օդանավակայանում`-13 աստիճան ցուրտ:

Երկրում նման ցածր ջերմաստիճան վերջին անգամ գրանցվել է 1945 թվականի հունվարի 16-ին: Այն կազմել է -10,1 աստիճան բուն քաղաքում: Բարախասում, որն այդ ժամանակ Մադրիդի մաս չէր կազմում,  -15 աստիճան ցուրտ է եղել:

Ենթադրվում է, որ չորեքշաբթի գիշերը մայրաքաղաքում նույնպես կգրանցվի -10 աստիճանի ցուրտ: AEMET-ի խոսնակ Ռուբեն դել Կամպոյի խոսքով՝  նման եղանակային պայմաններն «իսկապես աննախադեպ են»: